ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ԱՄՅԱԿԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ եւ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին հայտնեց նախագծի հեղինակ եւ դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։ Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18-ին, 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։ Այն կցուցադրվի նաեւ Երեւանում:

Խաչատրյանը նշեց՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական պարային ներկայացման վրա սկսել են աշխատել 2021 թվականին: Նա ընդգծեց՝ փորձել են ներգրավել եւ՛ հայ, եւ՛ ֆրանսիացի մասնագետների:

«Ինձ համար՝ իբրեւ հայի եւ իբրեւ արվեստագետի, շատ կարեւոր էր, որ Փարաջանովի ստեղծագործությունը ներկայացվի այլ դիտանկյունից, հետեւաբար խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է: Պարողներից 5-ը  ֆրանսիայից են, 2-ը՝ Երեւանից: Թիմին միացել է «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, եւ Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ:

Նախագծի երրորդ եւ վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում դարձյալ հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։

«Ներկայացումն ունի եւ՛ ՀՀ-ի, եւ՛ Ֆրանսիայի աջակցությունը, որը խոսում է Ֆրանսիայում հայկական մշակույթը բարձր գնահատելու, կարեւորելու եւ հայերին արժեւորելու մասին: Սա փաստում է, որ Ֆրանսիան՝ մեր բարեկամ երկիրը, մեր կողքին է ոչ միայն դժվարին պահերին, այլեւ մեր մշակույթը հանրահռչակելու, մեզ իր հարգանքը մատուցելու հարցում»,- ասաց Սաթէ Խաչատրյանը:

Ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին նշեց՝ իր համար մեծ մարտահրավեր է խոշոր արվեստագետին ճիշտ ներկայացնելը:

«Պարը համընդհանուր, համամարդկային լեզու ունի, եւ ես հույս ունեմ, որ այս ներկայացումը հնարավորություն կտա այս խոշոր արվեստագետի ստեղծագործությունը ներկայացնել ամբողջ աշխարհին հասկանալի լեզվով: Բնականաբար, սա ներկայացում է, որը ներշնչված կլինի իրենից, որոշ պարերով կտեսնեք հենց իր ձեռագիրը, եւ ես մեծ հույս ունեմ, որ այս ներկայացումից հետո հանդիսատեսը ցանկություն կունենա ճանաչելու կամ, ովքեր ճանաչում են, ավելի լավ բացահայտելու Փարաջանովին եւ նրա ստեղծագործությունները»,- նշեց  Մերզուկին:

«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը եւ Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» եւ Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանը եւ Լիոնի Մետրոպոլը։

 

 

 

 

«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ  սպորտի նախարարությունը մշակել էր մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատվեր, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, գործունեություն ծավալեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

 

Թատրոնի անձնակազմն ի սկզբանե դեմ էր նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նախարարությունը նախագիծը ներկայացրել էր ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության՝ մայիսի 11-ին անցկացված նիստում որոշում էր կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

«Թատրոնի անդամներով հայց ներկայացրինք դատարան, որը մերժվեց: Հիմա հայցը դատարանում է: Երեկ այս գործով վարույթ է ընդունվել, որովհետեւ այն պատճառները, որ բերվում են, մտացածին են, արհեստական են»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանի խոսքով՝ ամիսներ շարունակ որոշ գործընթաց է սկսվել «Գոյ» թատրոնի դեմ, ինչի պատճառով թատրոնը դատական պաշտպանության փուլում է: «Այս պահին իրավական առումով կա իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում:  Իմ ներքին համոզմամբ՝ այն չի փակվելու առհասարակ, բայց փաստ է, որ այն չի փակվի մինչեւ հիմնական դատական ակտի կայացումը: Ըստ էության, մենք ունենք նորմատիվ իրավական ակտ՝ կառավարության կողմից ընդունված, որը ձեւական առումով է նորմատիվ իրավական ակտ: Որպեսզի պարզ լինի, ասեմ՝ սրանք այն որոշումներն են, որոնք անորոշ թվով մարդկանց համար իրավունքներ, պարտականություններ, նորմեր են առաջացնում»,-նշեց փաստաբանը։

Նա հավելեց՝ կա որոշում, որում սահմանված են որոշակի գործողություններ, մասնավորապես՝ գործընթաց, որը հանգեցնելու է «Գոյ» թատրոնի այլեւս գոյություն չունենալուն, բայց, քանի որ որոշումը թատրոնի կողմից վիճարկվում է, եւ վիճարկում են, որ նման որոշումն ընդունվել է օրենքի խախտումներով, ուստի դրան պետք է գնահատական տա դատարանը։

«Դատարանը վարույթ է ընդունել, այսինքն՝ խնդիր կա, եւ պետք է քննվի, թե ով է ճիշտ, ով է սխալ: Քանի որ Վարչական դատարանը բավականին ծանրաբեռնված է, չգիտենք, թե վարույթ ընդունված որոշման վերաբերյալ դատական առաջին նիստը երբ կլինի: Չեմ բացառում, որ նիստը տեղի ունենա, օրինակ, վեց ամիս հետո»,-նշեց Կարո Ասատրյանը։

Թատրոնը շարունակում է աշխատել: Հուլիսը հագեցած կլինի ներկայացումներով. հուլիսի 6-ին թատրոնում առաջնախաղ է սպասվում: Բեմ կբարձրանա Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Քեֆս լավ ա» պոետիկ ներկայացումը, կցուցադրվեն նաեւ «Լոնդոն Blues», «Դեպի վերջ», «Հավերժի ճամփորդը», «Իրական առասպել» ներկայացումները:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ՝ ԹՈՒՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել Ստամբուլի «Ֆեներբահչեին» 18-ամյա հարձակվող Արդա Գյուլերի տրանսֆերի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է Թուրքիայի հավաքականի խաղացողի համար վճարել 20 միլիոն եվրո. հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ «Ռեալն» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ եւ սպասում է «Ֆեներբահչեի» պատասխանին։ Թուրքական ակումբի առաջին թիմում Արդա Գյուլերը մասնակցել է 51 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ֆեներբահչեի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Transfermarkt-ը Արդա Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

 

 

 

 

 

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԻՉԸ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի 2024թ. հունիսին՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ։ Այդ մասին հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզի շնորհանդեսի ժամանակ։

«Դինիզի աշխատանքը նորարարական է։ Նա իր փիլիսոփայությամբ շատ ակումբներում է աշխատել։ Ես շատ եմ հավանում նրա խաղաոճը, մարտավարական մշակումները։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմը կղեկավարի Անչելոտին, որի ոճը նման է Դինիզի ոճին։ Անչելոտիի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ. աշխարհի առաջնության ավարտը»,- Էդնալդոյի խոսքը մեջբերում է Globo-ն։

Դինիզը կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Ֆլումինենսեն», «Սան Պաուլուն», «Սանտոսը», «Վասկո դա Գաման»։

 

 

 

 

ՆԵՅՄԱՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

CNN-ը հայտնում է, որ ֆուտբոլիստ Նեյմարը տուգանվել է 3,33 միլիոն դոլարով Բրազիլիայի հարավ-արեւելքում իր առափնյա առանձնատան կառուցման ժամանակ բնապահպանական կանոնները խախտելու համար: Շքեղ նախագիծը խախտել է քաղցրահամ ջրի աղբյուրների, քարերի եւ ավազի օգտագործման եւ շարժման կանոնները: Նեյմարի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը։ Mangaratiba-ի բնապահպանական մարմինը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ բնապահպանական խախտումներ են կատարվել «առանձնատանը արհեստական լճի կառուցման ժամանակ»: Բացի տուգանքից, գործը հետաքննվելու է տեղական գլխավոր դատախազության, պետական քաղաքացիական ոստիկանության եւ շրջակա միջավայրի պահպանության գրասենյակի կողմից՝ ի թիվս այլ բնապահպանական վերահսկողության մարմինների:

ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 




Լրահոս