Ինչպես արդեն գրել էինք, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս համայնքից սկսած մինչև Երանոս համայնքն ընկած անտառային հատվածում սոճիները համատարած չորացել են, ավելին ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են արդեն իսկ համարակալվել այդ ծառարմատները, եւ անտառային այդ հատվածը վերածել բնապահպանական աղետի:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սոճիների անհասկանալի հիվանդության համար հատուկ Հայաստան են ժամանել Ռուսասատանից մասնագետներ եւ անձամբ վերցրել փորձանմուշներ:
«Շրջակա միջավայրի նախարարության եւ մեր ռուս գործընկերների հետ համատեղ այս պահին ընթանում են ուսումնասիրություններ, քննարկումներ: Կարող եմ ասել, որ այս պահին Գիտության ակադեմիան թույլատրել է իրականացնել հիվանդ, ոչ կենսունակ ծառերի հատում, սակայն դեռ նախարարության կողմից որոշում այդ մասով չկա: Կարծում եմ, որ շուտով կլինի»,-նշեց գլխավոր անտառագետը:
Նշենք, որ խոսքը մոտ 8400 հիվանդ սոճիների մասին է, որոնք ենթակա են հատման եւ անգամ թափուկ չեն կարող լինել:
Լիդա Եղիազարյան