ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են անտառային հատվածում սոճիները չորացել․ բնապահպանական աղետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս համայնքից սկսած մինչև Երանոս համայնքն ընկած անտառային հատվածում սոճիները համատարած չորացել են, ավելին ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են արդեն իսկ համարակալվել այդ ծառարմատները, եւ առաջին հայացքից տպավորություն է, որ պատրաստվում են իրականացնել ծառերի սպանդ:

ArmLur.am-ն այս առնչությամբ կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի Երանոս վարչական շրջանի ղեկավար Սաշա Բավեյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին տեղյակ է, սակայն մասնագիտական գնահատական տալ չի կարող:

«Ծառերի չորացման հետ կապված ստեղծվել է աշխատանքային խումբ եւ այդ հարցով զբաղվում է «Սևան» ազգային պարկը»,-նշեց մեր զրուցակիցը:

Մենք փորձեցինք կապվել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն տեւական ժամանակ փորձելուց հետո, այդպես էլ հնարավոր չեղավ կապ հաստատել մարզպետի հետ:

Իսկ, ահա «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու է անտառային այդ հատվածը վերածվել բնապահպանական աղետի եւ ինչ է իրականում տեղի ունեցել, երբեմնի կանաչ սոճիների հետ:

Գլխավոր անտառագետի խոսքով՝ խնդիրը նոր չէ, արդեն տեւական ժամանակ է ինչ պայքարում են սոճիների անհասկանալի հիվանդության դեմ, սակայն մինչև այսօր հիվանդության տեսակն ախտորոշված չէ: Խոսքը մոտ 8200 հիվանդ սոճիների մասին է, որոնք ենթակա են հատման եւ անգամ թափուկ չեն կարող լինել:

«Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ տեղի են ունենում պարբերաբար քննարկումներ, հետազոտություններ, այս պահին էլ սպասում ենք Գիտության ակադեմիայի պատասխանին, հիվանդ ծառերի հատման հետ կապված, սակայն դեռեւս թույլտվություն չունենք, այս ամենին զուգահեռ հրավիրվել են դրսից՝ Բելառուսի եւ Ռուսաստանից հատուկ մասնագետներ, որոնց հետ համատեղ պետք է տարվեն աշխատանքներ, եւս մեկ անգամ նշեմ, որ իրականացվել են տարբեր փորձաքննություններ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչ հիվանդության, ինչ հատուկ տեսակի որդերի մասին է խոսքը, որոնք անզեն աչքով չեն երեւում: Իրականում խնդիրը շատ լուրջ է եւ պետք է Կառավարության հետ համատեղ շուտափույթ քայլեր ձեռնարկվեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Լիդա Եղիազարյան




Լրահոս