Որևէ մեկի հարցը չպետք է քննարկել իր բացակայությամբ. Հովսեփ Խուրշուդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային Ժողովում միաձան ընդունվեց  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու մասին նախագիծը: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական Նախաձեռնությունների Աջակցության Կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ կարծիք ունի ստեղծված իրավիճակի մասին:

«Կարծում եմ՝ գործընթացը խնդրահարույց էր, քանի որ չէր ապահովվել Թագուհի Թովմասյանի մասնակցությունն իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Որևէ մեկի հարց չպետք է քննարկել իր բացակայությամբ, եթե նա հարգելի պատճառ ունի նիստից բացակայելու: Այնպես որ Թագուհի Թովմասյանի հարցը պետք էր քննարկվեր ամսի 15-ից հետո, երբ կվերականգնվեր նրա աշխատունակությունը՝ հնարավորություն տալով նրան ներկայանալու քննարկմանը եւ ներկակացնելու իր հակափաստարկները եւ հիմնավորումները», – նշեց նա։

Որոշ քաղաքագետներ ասում են, որ Թագուհի Թովմասյանի հետ կատարվողը ժողովրդավարության այլակարծության դեմ քայլ է, իսկ Խուրշուդյանը կարծում է, որ ԱԺ-ն պետք է ավելի ներառական ընթացակարգով որոշումներ ընդուներ:

«Իհարկե, ՔՊ-ի փաստարկումը պատգամավորի, հանձնաժողովի նախագահի՝ 46 նիստերից 38-ին  բացակայելու մասին եւս ընկալելի է, և ես էլ եմ այդքան բացակայություններն անընդունելի համարում: Սակայն ինձ համար տարօրինակ էր այն արագացված ընթացակարգը, որով տիկին Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից: Հարցի վերաբերյալ Հովիկ Աղազարյանի՝ 9 րոպե տեւած զեկույցին ի պատասխան նրան որևէ մեկը ՔՊ խմբակցությունից անգամ հարց չուղղեց: Որպես ՀՀ քաղաքացի կգերադասեի, որ ՀՀ Ազգային ժողովն ավելի ներառական ընթացակարգով որոշումներ ընդուներ, մանավանդ, երբ խոսքը գնում է նման կարեւոր հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելուն»,- ասաց Խուրշուդյանը:

Էմմա Միքայելյան




Լրահոս