Քաղհասարակությունը կողմ է նոր Սահմանադրության ընդունմանը. մանրամասներ հանրային քննարկումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասով առաջին հանրային քննարկումը, որին մասնակցել են քացաքացիական հասարակության ներկայացուցիչներ, եւ այն կազմակերպվել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող աշխատանքային խմբի կողմից: Առցանց հանրային քննարկմանը մասնակցել էր նաեւ  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նրա հետ:

-Պարո՛ն Խուրշուդյան, ընդհանուր առմամբ ինչպես կամփոփեք տեղի ունեցած հանրային քննարկումը՝ սահմանադրական փոփոխությունների հարցով:

– Դրական եմ գնահատում այն փաստը, որ առաջին հանրային քննարկումը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իրականացրեց քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հետ։ Բավական կառուցողական եւ հագեցած քննարկում էր։

– Արդեն այս փուլում որքանո՞վ եք համակարծիք մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած նախնական տեսակետների, դիտարկումների հետ:

– Պետք է նկատի ունենանք, որ մասնագիտական հանձնաժողովն ինքն էլ գտնվում է շատ նախնական վիճակներում, անգամ դեռ որոշված չէ, թե նոր սահմանադրության նախագիծ է առաջարդրվելու հանրաքվեին, թե եղած սահմանադրության մեջ փոփոխություններ։ Քննարկման արդյունքներով կարող եմ ասել, որ քաղհասարակությունը հիմնականում կողմ էր նոր Սահմանադրությանը, որպեսզի վերջապես ունենանք լեգիտիմ, ժողովրդի կողմից ընդունված եւ նրա վստահությունը վայելող հիմնական օրենք։ Որքան ես հասկանում եմ, գործող իշխանությունները եւս հակված են նոր սահմանադրության ընդունման, որի մասին արտահայտվել է ՀՀ վարչապետը։ Ամեն դեպքում, պայմանավորվեցինք, որ այս հանդիպմանը կհետեւեն թեմատիկ քննարկումներ ըստ ոլորտների, ինչը հնարավոր չէր անել այս երկժամյա նախնական քննարկման ընթացքում։

-Դուք Ձեզ համար առանձնացրե՞լ եք կետեր, որոնք պետք է փոխվեն նոր Սահմանադրությամբ եւ այդ մասով որքանո՞վ են Ձեր և մասնագիտական հանձնաժողովի տեսակետները համընկնում:

– Իմ ցանկությունն այն է, որպեսզի «սուպերվարչապետական» համակարգը փոխարինվի ավելի հավասարակշռվածով, որպեսզի վերացվի «կայուն մեծամասնության» երաշխիքը։ Կարծես թե սահմանադրական հանձնաժողովում էլ են դրան հակված։ Սուպերվարչապետական համակարգը օգտակար է այժմ՝ արմատական կադրային փոփոխություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես դատական համակարգում, սակայն այս անցումային շրջանը՝ մինչեւ ԱԺ մյուս գումարումը, պետք է օգտագործվի իշխանության կողմից այդ բարեփոխումները ավարտին հասցնելու համար։ Այդ նպատակով ես կարծում եմ, որ նոր սահմանադրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածում պետք է ուժի մեջ մտնեն։ Այսպես, օրինակ ՀՀ ազգային ժողովի, կառավարության հատվածները, որոնք ձեւավորվել են հեղափոխությունից հետո, կարող են ուժի մեջ մտնել խորհրդարանական մյուս ընտրություններից հետո, այսինքն՝ 2024թ․-ին։ Իսկ, օրինակ, դատական բլոկը ուժի մեջ մտնի անմիջապես սահմանադրական հանրաքվեյի դրական արդյունքներից հետո, որպեսզի երկիրը օր առաջ ազատվի դատական եւ մյուս բոլոր համակարգերում լիարժեք վեթինգ իրականացնելուն խանգարող դրույթներից։ Ես նաեւ հորդորեցի սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին զուգահեռ ձեւավորել միջազգայնագետ իրավագետներից եւ քաղաքագետներից կազմված հանձնաժողով, որը կուսումնասիրեր Հայաստանի միջազգային պայմանագրաիրավական դիրքը։ Չեմ բացառում, որ առաջիկա մեկ տարում տարածաշրջանում եւ աշխարհում կարող են այնպիսի էական փոփոխություններ լինեն, որ Հայաստանին անհրաժեշտ լինի փոխել իր իրավահաջորդությունը, բխեցնելով այն ոչ թե Սովետական Հայաստանից, այլ առաջին հանրապետությունից։ Դա կապված է թե՛ Արցախի հետ եւ թե ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի, որը կլրանա մյուս տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք բարենպաստ փոփոխությունների դեպքում ճկուն գտնվել եւ նոր սահմանադրության ընդունմամբ հռչակել չորրորդ հանրապետությունը՝ հայտարարելով այն Ազգերի լիգայի կողմից հստակ սահմաններով ճանաչված Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Այս պահին նման շրջադարձը դժվար է պատկերացնել, սակայն որոշ աշխաչհաքաղաքական փոփոխությունների պայմաններում դա կարող է լիովին իրատեսական եւ, ավելին՝ անհրաժեշտ դառնալ։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս