Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքն այսուհետ կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, կարգելվի հրավառությունների ներմուծումը, բացառությամբ` պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում: Նախատեսվում են նաեւ տուգանքներ՝ ներմուծման հետ կապված պահանջները խախտելու դեպքերում: Կարգելվի 16 տարին չլրացած անձանց բոլոր դասերի հրագործական արտադրատեսակի վաճառքը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում նշել է, որ նախագծի ընդունումից հետո հանրության շահը վեր է դասվելու մասնավորի շահից: Նա նաեւ նշել է, որ ընդունվող սահմանափակումները հնարավորություն կտան չխախտել քաղաքացիների հանգիստը, կանխել մանկահասակ երեխաների խեղումները, ինչպես նաեւ կանխարգելել տեխնածին աղետները:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:




Լրահոս