Հուլիսի 21-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի և սցենարիստ Արմեն Վարդանյանի «No Makeup» ներկայացման պրեմիերան։
ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ ներկայացման և իր կերպարի մասին։
Ելենա Վարդանյանն ասաց, որ իրադարձությունները կատարվում են հենց իր կերպարի տան շուրջ։
-Իմ կերպարը մի դերասանուհի է, որն իր ներկայացումից առաջ վթարի է ենթարկվում և հայտնվում է անվասայլակի վրա։ Իրեն գալիս է խնամելու իր ուսանողուհին` Մերին (Անի Պետրոսյանը)։
-Արդյոք կան ընդհանուր գծեր Ձեր և Ձեր կերպարի միջև
-Ինձ թվում է ցանկացած կերպարի մեջ մարդ կարող է տեսնել իրեն։ Բայց այս կերպարին ինձ նմանացնում եմ միայն այն բանի համար, որ երևի թե ներկայացումից առաջ, որ ես էլ վրաերթի ենթարկվեցի՝ նույն կերպ կանհանգստանայի։ Կերպարը շատ բարի անձնավորություն է, և սիրում է բոլոր այն մարդկանց, որոնք իր կողքին են և օգնում են իրեն։
-Ըստ Ձեզ, ո՞րն է ներկայացման գլխավոր միտքը։
-Ներկայացման գլխավոր միտքն այն է, որ ցանկացած սուտ անգիտակցաբար բերում է հաջորդ ստին, և ստացվում է, որ դու խորտակվում ես այդ ստի մեջ և արդեն չես կարողանում հասկանալ թե որտե՞ղ է ճիշտը, որտեղ՝ սուտը։
Դերասանուհին հավելեց, որ թիմի հետ աշխատում է առաջին անգամ և բոլորն էլ շատ ուրախ և բարի մարդիկ են, որոնց հետ հաճելի է աշխատել։
Նշենք, որ ներկայացման դերասաններն են Ելենա Վարդանյանը, Անի Պետրոսյանը, Աննա Մանուչարյանը, Լիա Զախարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանն ու Մհեր Մխիթարյանը։
Ինեսա Սուքիասյան