ՖՈՏՈ. Ելենա Վարդանյանը վնասվածքով ներկայացավ, Մալենկոն հրապարակավ համբուրեց Աղաջանյանին. ուշագրավ մանրամասներ «Սևազգեստ կանայք»-ի պրեմիերայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև հումորն ու ապրելու կոչը․ սեպտեմբերի 14-ին կայացավ «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ պրեմիերան։ ArmLur.am-ը գրել էր, որ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն այն հետաձգվեց ինչ-ինչ պատճառներով։

«Ֆիլմի մտահղացումն առաջացել է դեռ 5-6 տարի առաջ, երբ ընկերս՝ Դավիթ Բաբախանյանը, ասաց, որ մի լավ գաղափար ունի, ասաց, որ ֆիլմն իսկը ինձ համար է, և հենց ես այն պետք է նկարեմ։ Եվ հենց այդ ժամանակ տվեց, այսպես ասած, ֆիլմի ողնաշարը, այնն է, որ մի մարդու թաղման ժամանակ հայտնվում են նրա սիրուհիները։ Դրանից հետո մոտ մեկ տարի մենք քննարկել ենք ֆիլմի գործողությունները, մեզ միացավ նաև Աշոտ Աբրահամյանը, և մենք սկսեցինք գրել սցենարը։ Սցենարի հետ աշխատանքները սկսել ենք 2019 թվականին, երբ նկարում էինք «Ազնիվ գողեր» ֆիլմը։ 2020-ին սցենարն արդեն պատրաստ էր, և մենք պետք է սկսեինք նկարահանումները, բայց սկսվեց Քովիդը, ու մենք մեկ տարի այն հետաձգեցինք։ 2021-ին ես վերադարձա Հայաստան և նկարեցինք ֆիլմը»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Ֆիլմում նկարահանվել են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Արտյոմ Մարկոսյանը, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և շատ ուրիշներ։

ArmLur.am-ի հետ նախնական զրույցում Գոռ Կիրակոսյանը պատմել էր «Արտյոմ Մարկոսյանի ու դագաղի» պատմությունը, այս անգամ արդեն Արտյոմը՝ խոսելով իր՝ դագաղի մեջ պառկելու մասին, պատմեց.

«Սկզբում բնական է, որ անսովոր էր, այնպես չէ, որ ամեն օր պառկում ենք դագաղի մեջ․․․ Բայց դա տևեց շատ կարճ։ Ես կխոստովանեմ, որ մինչ նկարահանումը փորձ չենք արել, ես առաջին անգամ հենց նկարահանման հրապարակում եմ պառկել դաղագի մեջ, և ամեն ինչ միանգամից ստացվել է։ Ինձ համար ամենադաժանը շոգը հաղթահարելն էր։ Չափազանց շոգ էր, իսկ ես ստիպված էի նաև շունչս պահել»։

Ֆիլմի պրեմիերան անցավ յուրահատուկ մթնոլորտում։ Դիանա Մալենկոյի և Էդուարդ Աղաջանյանի կրքոտ համբույրի մասին արդեն գրել էինք, սակայն ուշագրավ էր նաև Ելենա Վարդանյանի վնասվածքներով ներկայանալը։
ArmLur.am-ի հետ զրույցում Ելենան պարզաբանեց, թե ինչու էր այդ վիճակում.

«Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն էր, հաջորդ օրը երկու ներկայացում ունեի, ապա՝ պրեմիերան։ Ուրախ-ուրախ եկա պատշգամբ ինձուինձ մտածելով, որ այո շուտով ինձ նոր գեղեցիկ զգեստ կգնեմ, բայց մինչ այդ՝ մի փոքր մաքուր օդ կարելի է շնչել։ Հենց այդ պահին սայթաքեցի և հարվածեցի ապակուն։ Ձեռքիս հեռախոս կար, դեմքս փորձեցի պահել որ հեռախոսը չընկնի դեմքիս, բայց այդ պահին կոտրվեց ողջ ապակին ու վնասեց ձեռքս, հետո կարեր դրեցին։ Առավոտյան ես արդեն փորձի էի, բայց հասկանում էի, որ այդ ձեռքով ինձ ոչ մի զգեստ էլ պետք չի»։

Դերասանուհու խոսքով, դա կլիներ հավելյալ անհարմարություն իր համար, այդ իսկ պատճառով էլ իր զգեստներից ամենահարմարն է ընտրել ու վնասված ձեռքով «հայտնվել» պրեմիերային։

Մարիամ Ղազարյան




Լրահոս