«ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ, ԹՈՂ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթիկի բանտում պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը ահազանգում է՝ պահանջելով արդարություն. «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զինվորին, իմ թոռներին վաճառել եմ, թող տանեն հրապարակային իմ ժողովուրդը ինձ մասնատի, գնդակահարի: Ինձ այն մարդն է մեղադրում, ով զինվորի ղադրը չգիտի: Ես պահանջում եմ արդարություն, հիմա դատավոր են փոխել, քրեական գործը նորից վերսկսել են: Իմ դեմ գործ են հարուցել մեկ բանի համար՝ ես հաճախակի դուրս եմ եկել երկրից, տարբեր երկրներում եմ եղել, արտագնա աշխատանքի են գնացել, եղել եմ նաեւ Թուրքիայում: Հիմա եթե եղել եմ Թուրքիայում, այնտեղ էլ լիքը հայեր կան, ուրեմն իրենք դավաճա՞ն են: Կրկնում եմ՝ ես արդարություն եմ պահանջում, փաստեր, որոնք ինձ չեն ներկայացնում ու արդեն 26 ամիս կալանքի տակ են պահում»:

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել քրեական գործով երկու մեղադրյալների ով լինելը, եւ նրանց մասով ԱԱԾ-Ն որոշում է կայացրել, քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատարան: Մասնավորապես, մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, Գագիկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2018թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության: Բացի այդ, ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանը թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2020թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:

Այսինքն՝ Գարուն Վահակի Բաբայանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրի 299 հոդվածի 1-ին մասով:

Մյուս անձը Գագիկ Հովհաննիսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, Գարուն Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:

Այսինքն՝ Գագիկ Ժորայի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 299 հոդվածի 1-ին մասով: Վերոնշյալ անձինք կալանավորված են:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ, ՀԱՓՇՏԱԿԵԼ

2023 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:45-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ, ապա նաեւ հաղորդում է ստացվել՝ անհայտ անձանց կողմից բնակելի տուն ներխուժելու, բնակիչներին կապկպելու, գումար եւ թանկարժեք իրեր գողանալու վերաբերյալ։

 

ՔԿ-ից հայտնում են, որ, նախնական տվյալներով, 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, երկու անհայտ անձ՝ դիմակավորված, ապօրինի կերպով մուտք են գործել Երեւան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ եւ սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։ Ապա տանտիրոջը պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի եւ կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաեւ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ: Ամուսինները ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում: Հետագա քննչական եւ վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաեւ հափշտակված նյութական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։

 

 

 

ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գեւորգ Մկրտչյանին եւ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։

Հանդիպմանը ներկա են եղել  ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվում է ստորեւ՝

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու եւ Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին եւ հունիսին արձանագրված ոստիկանների եւ փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝

  1. կողմերը կարեւորում են փաստաբանության եւ ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում,
  2. կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսեւորում,
  3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում,
  4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրություն,
  5. Ներքին գործերի նախարարությունը եւ Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից եւ փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների եւ փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով,
  6. Ներքին գործերի նախարարությունը եւ Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»:

 




Լրահոս