ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՅՑ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները այսուհետ  VR ակնոցների շնորհիվ հնարավորություն կունենան հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում եւ հետեւել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը: «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը ստեղծվել է ARLOOPA ընկերության եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում:

VR ակնոցով այցելուները կտեսնեն Արամ Խաչատրյանին ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում եւ նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծում է, որ նորագույն տեխնոլոգիաները երկար տարիներ է՝ իրենց հաստատուն տեղն են գտել թանգարանների աշխարհում: Ըստ նրա՝ սա մի նոր մոտեցում է թանգարանային տեղեկատվությունը, պատմությունը եւ ցուցանմուշները այցելուներին ներկայացնելու համար:

«Նորագույն տեխնոլոգիաների գրագետ եւ ճիշտ օգտագործումը կարող է լինել շատ արդյունավետ եւ գրավել այցելուներին: Թանգարանը տարիներ շարունակ գնում է նմանատիպ նորույթների? թանգարանի պատը նույնպես կենդանանում է հավելվածի միջոցով: Թանգարանի ցուցասրահներում նույնպես ունենք նմանատիպ հետաքրքիր նորույթներ: Այս ծրագիրը իրականցրել ենք ARLOOPA ընկերության հետ, որի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ծրագիրը սկսել ենք տարվա սկզբին, քանի որ այն բավականին մանրակրկիտ աշխատանք էր պահանջում՝ ստանալու համար այն արդյունքը, որ հիմա ունենք»,- նշում է թանգարանի տնօրենը:

ARLOOPA ընկերության առավել  կարեւոր նախագծերի  ղեկավար  Արմինե Ղազարյանն ընդգծեց, որ սա իրենց առաջին համագործակցությունը չէ թանգարանի հետ:

«Նշեմ, որ նախագիծը իրականացվել է մի քանի փուլով՝ դիզայն, մոդելավորում, այնուհետեւ՝ անիմացիայի ստեղծում: Նախապես համաձայնեցված նյութերի հիման վրա ստեղծել ենք Արամ Խաչատրյանի եռաչափ մոդելը, որպեսզի այն հնարավորինս իրական  լինի, այնուհետեւ աշխատասենյակը դետալ առ դետալ  մշակվել է»,- ասաց նա:

Արմինե Ղազարյանն ընդգծեց, որ  նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառումն առհասարակ բոլոր թանգարաններում ուրույն դեր է կատարում ժամանակակից սերնդի  ուշադրությունը թանգարանի ուղղությամբ գրավելու տեսակետից: Քանի որ նոր սերունդը նոր պահանջներ ու հետաքրքրություններ ունի,  շատ կարեւոր է, որպեսզի եւ՛ մասնավոր ոլորտը, եւ՛ պետությունն աջակցեն նմանատիպ նախագծերի իրականացմանը:

 

 

 

Billboard-Ի ՀԻԹ ՇՔԵՐԹՈՒՄ

Հայ երաժշտական պրոդյուսեր, երգահան եւ կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում՝ խորհրդանշելով նշանակալից իրադարձություն հայ երաժշտության պատմության մեջ։ Նրա նոր՝ «A New Chapter» ձայնասկավառակը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Contemporary Jazz Albums աղյուսակում։ Ձայնասկավառակը ներառում է համագործակցություններ ճանաչված արտիստների հետ ինչպիսիք են լեգենդար Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին եւ Ֆիլիպ Լասիտերը՝ ընդլայնելով դրա գրավչությունը եւ ցուցադրելով համաշխարհային երաժիշտների հարուստ խառնուրդը։ Սա իսկապես արժեքավոր եւ նշանակալի ձեռքբերում է հայ արվեստագետների պատմության մեջ, համաշխարհային մրցունակ շուկայում:

Այս հաջողությունների կողքին Վահագնը նաեւ «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, ով ներկայացնում է Լոս Անջելեսի Chapter-ը, ինչպես նաեւ GrammyU մենթոր է:

 

 

 

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Երեւանում տեղի է ունեցել գրող, գործարար Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միության հովանավորությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Գրողների միության անդամներ, դիվանագետներ, մշակութային, կրոնական գործիչներ։

Շնորհանդեսի ընթացքում գրքից իրենց ստացած տպավորություններով են կիսվել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը, գրող Սագո Արյանը եւ դեղագործ Հակոբ Նալբանդը։

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տեսուչ Ահարոն Շխրըտմյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր  Արա Գոչունյանի, հրապարագիր Կարպիս Մինասյանի տեսաուղերձները։

Միջոցառման ավարտին կատարվել է գինեձոնի արարողություն։

Կիրակոս Գույումջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1972 թվականին տեղափոխվել է Քուվեյթ։ 1982 թվականին Քուվեյթում հիմնել է Metal Center ընկերությունը, որը գործում է մինչ օրս։ 2003 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգեւատրվել  է «Ներսես Շնորհալի» բարձր շքանշանով՝  որպես գնահատանք Հայաստանում  եւ Արցախում նրա ունեցած բազմաթիվ ծառայությունների։

2023 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա ձեռամբ պարգեւատրվել է «Ասպետ» շքանշանով: Գույումջյանը հանդես է գալիս նաեւ վերլուծական հոդվածներով, որոնք լույս են տեսնում արաբական եւ հայկական լրատվամիջոցներում։

 

 

 

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՐԻԺՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում (Hollywood bowl) կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը:

Քննարկվել են մաեստրո Դուդամելի եւ Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երեւանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները:

Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել  Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երեւանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:

«Քաղաքային մշակույթի նոր միջավայր ձեւավորելու, Երեւանը որպես համաշխարհային մշակութային գործընթացների գործուն մասնակից դիրքավորելու հանձնառության ճանապարհին քաղաքապետարանն իրականացնում է հանրության համար բարձրարժեք մշակութային-իրադարձային միջոցառումներ, որի մեկնարկը տրվեց այս տարվա հունիսին՝ Թումոյի այգում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բալետային բացառիկ երեկոների իրականացմամբ»,-նշել է Գոշ Սարգսյանը:

Փառատոնային մշակույթը խթանելու համար Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել բազմաժանր նոր ծրագրեր եւ միջոցառումներ, ապահովել դրանց հասանելիությունն ու մատչելիությունը մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի եւ զբոսաշրջիկների համար: Այդ նպատակով քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի բեմական եւ լուսաձայնային  գերժամանակակից անհրաժեշտ տեխնիկա:




Լրահոս