Խառը զուգախաղի 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթերորդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դարձել է Արքայական գավաթի հաղթող, որն անցկացվել է Հուելվայում (Իսպանիա)։ Այս մրցաշարն անցկացվում է 1912 թվականից և թենիսի պատմության մեջ ամենահին մրցաշարերից մեկն է։ Այս պահին այն համարվում է ցուցադրական։
Տիտղոսի համար Ռուբլյովը մենամարտել է աշխարհի 14-րդ ռակետ, Խորվաթիայի ներկայացուցիչ Բորնա Չորիչի հետ։ Ուիմբլդոն-2023-ի քառորդ եզրափակչից անմիջապես հետո Հուելվա ժամանած ռուսաստանցին երկու սեթում հաղթել է 7:5, 6:2 հաշվով։
Ռուբլյովը Ռուսաստանի առաջին ներկայացուցիչն է, որը հաղթում է Արքայական գավաթում։ Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը, անցյալ տարի այս մրցաշարում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ 2021 թվականին մեկ այլ իսպանացի՝ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան։