Ինչ է կատարվում Մատենադարանի տնօրենի ընտրություններում. ով է իշխանության սրտի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն  ArmLur.am-ը  հայտնել էր, այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի է ունենալու Մատենադարանի տնօրենի ընտրություններ: Առաջադրված է երեք թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը,  Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Արծրուն Սահակյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն ամեն գնով ուզում են Մատենադարանի տնօրեն նշանակել իրենց սրտի թեկնածուին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին:

Ավելին, որպեսզի Արայիկ Խզմալյանը կարողանա մասնակցել Մատենադարանի տնօրենի ընտրություններին, հատուկ փոխել են տնօրենի ընտրության կանոնակարգը, որը Մատենադարանի հիմնադրման օրվանից դրված ավանդույթ է, այն է՝ Մատենադարանը գիտական հաստատություն է, և տնօրենը պետք է լինի գիտնական, Արայիկ Խզմալյանը գիտական դոկտորի աստիճան չունի:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է առանց գիտական աստիճանի առաջադրվել Մատենադարանի տնօրենի ընտրություններում՝ որպես թեկնածու, բայց վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ Մատենադարանն ունի երկու ներկայացուցիչ Կարեն Մաթևոսյանը և Արծրուն Սահակյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրանց պայքարը ուժեղ է լինելու, քանի որ երկուսն էլ բավականին լավ տիրապետում են Մատենադարանի թե՛ խնդիրներին, թե՛ ներքին խոհանոցին: Կհաջողվի, արդյոք, Արայիկ Խզմալյանին անցնել երկու ուժեղ մրցակիցներին, ովքեր ներսից գիտեն Մատենադարանը, պարզ կդառնա այսօր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս