Դետալ առ դետալ ՔՊ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների հարցը. մանրամասներ փակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցել է ՔՊ-ի «կորիզը»:

Armlur.am-ին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Հանդիպման գլխավոր թեման Երևանի ավագանու ընտրություններն են եղել: Բանն այն է, որ այժմ պետք է կուսակցությունում բաշխել «դերերը»` ով ինչ պետք է անի Ավինյանի հաղթանակը ապահովելու համար:

Հայտնի է, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, գլխավոր շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն պետք է ընտրվեն վարչական շրջաններում գրասենյակների պատասխանատուներ։
Պակաս կարևոր չէ նաև Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը։

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը շատ մեծ ցանկություն ունի դառնալ շտաբի պետի տեղակալ, սակայն Տիգրան Ավինյանը շատ է վստահում Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, և նրան են ցանկանում վստահել այդ պաշտոնը։ Սակայն քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյան ևս սիրելիների ցանկում է։

Երեկ այս հարցը թեժ քննարկվել է, բայց դեռևս վերջնական որոշում չկա: Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երևանի ավագանու ընտրությունների հարցն այս պահին իշխանությունների համար թոփ տեղում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն ձևով ունենալ նաև իշխանություն Երևանում:

Ու, կարելի է ասել, դետալ առ դետալ պատրաստվում են այս ընտրություններին:

Հիշեցնենք, որ ընտրությունները լինելու են սեպտեմբերի 17-ին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս