Երևանի ավագանու կանոնադրության մեջ փոփոխություններ են արվել. հստակեցվել է առաջին նիստի անցկացման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստ էր հրավիրել:
Նիստի ժամանակ ընդունվել է նոր որոշում, որով հոկտեմբերի 10-ին կայանալիք նորընտիր ավագանու նիստի անցկացման հետ կապված մի քանի հստակեցնումներ են արվել:
Փաստացի, սա առաջին դեպքն է, երբ քաղաքապետ պետք է ընտրի ոչ թե հանրությունը, այլ՝ ավագանին:

Ինչպես փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօրվա նիստում նշեց՝ ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ է դառնում, որ մանրամասն կանոնակարգում նիստի, թե ինչպես պետք է այն անցկացվի, բացակայում է։ Բացի այդ, օրենքում կա մի դրվագ, երբ նշված է՝ քվեարկությունը պետք է անցկացվի քվեաթերթիկներով, բայց կոնկրետ, թե ինչպես այն պետք է ապահովվի, նշված չէ։

Կանոնակարգի փոփոխություններն ուղղված են հենց այս գործընթացը կանոնակարգելուն:
Այսպիսով, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Ավագանու այսօրվա նիստում կատարված փոփոխությունները ենթադրում են, որ օրինակ, հոկտեմբերի 10-ին, յուրաքանչյուր քվերաթերթիկի վրա պետք է գրվի նաև ավագանու անդամի անունը:

Քվերակության արդյունքներից հետո արդեն քաղաքապետարանում կհրապարակվեն վերջնական արդյունքները, թե ավագանու որ անդամը որ թեկնածուի օգտին է քվեարկել:

Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ չեն ներկայանալու նիստին, որպեսզի քվորում չապահովեն: «Հանրային ձայն» կուսակցությունը թեև վերջնական որոշում չի հայտնել, բայց կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ նոր արտահերթ ընտրություններ թույլ տալ չի կարելի:

Ստացվում է, որ եթե «Հանրային ձայն» կուսակցությունից մասնակացություն լինի նիստին և քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա և Տիգրան Ավինյանն ամենայն հավանականությամբ կընտրվի Երևանի քաղաքապետ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս