36-ամյա կինը կալանավորվել է՝ իր հետ համատեղ բնակվող կնոջ նկատմամբ ավազակություն կատարած անձանց օժանդակելու մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։

2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված երկու երիտասարդ, որպես աղջիկ ներկայանալով, մուտք են գործել իր բնակարան և ծոծրակին հարվածելով՝ իրեն կողպել են սենյակում և հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսը, 720.000 ՀՀ դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած 3 անձանց ինքնությունը, ովքեր Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են՝ 1995 և 2001 թվականներին ծնված տղամարդիկ և 1987թ. ծնված մի կին, ով 1995թ․ ծնված տղամարդու քույրն է, տուժողի հետ բնակվում է Երևանի նույն բնակարանում և, քննության տվյալներով, օժանդակել է հանցակիցներին:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո ենթադրյալ հանցագործություն կատարած երկու տղամարդիկ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով հատել են ՀՀ պետական սահմանը և Երևան-Մոսկվա չվերթով մեկնել ՀՀ-ից։ Իսկ նրանց հանցավոր արարքին առերևույթ օժանդակած կինը ձերբակալվել է:

Նշված տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ կնոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս