Շտապօգնություն, հայհոյանքներ, բղավոցներ, քաշքշուկ, փախուստի փորձ. ինչ է կատարվել ոստիկանության Արարատի բաժնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սարգսի Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 26142923 քրեական վարույթով հանդիսանալով ձերբակալված անձ եւ գտնվելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցում, 2023թ հունիսի 8-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կատարել է խուլիգանություն, հասարակության, այն է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ հերթապահ Էդգար Կամոյի Մկրտչյանի, հերթապահի օգնական Էդգար Տիգրանի Սարգսյանի եւ ձերբակալվածների պահման վայրում տվյալ օրը ծառայություն իրականացնող ոստիկան Արման Սեթի Ստեփանյանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսեւորվել է իր կողմից թիվ 4 խցի դռանը ոտքով պարբերաբար հարվածելիս ինչպես իրեն կարգի հրավիրող նշված ոստիկանության աշխատակիցներին ուղղված, այնպես էլ շուրջ 30 րոպե տեւողությամբ անհասցե սեռական բնույթի հայհոյանքներով, ոտքի բազմաթիվ հարվածներով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցի դռան փականը եւ դռան շրջանակի՝ փականին հարող հատվածները վնասելով, նաեւ ռազմականացված կազմակերպության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի բնականոն աշխատանքը խոչնդոտելով, որպիսի պայմաններում ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ստեղծվել է լարված իրավիճակ, եւ օպերատիվ հերթապահ Էդգար Մկրտչյանը, հերթապահի օգնական Էդգար Սարգսյանը չեն կարողացել պատշաճ կերպով իրականացնել իրենց ծառայությունը՝ պատասխանել ոստիկանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացիների հեռախոսազանգերին, կատարել իրենց վերապահված այլ գործառույթներ:

Արման Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 26142923 քրեական վարույթով հանդիսանալով ձերբակալված անձ եւ գտնվելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցում, 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, խնդրել է շտապ բուժօգնություն՝ պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում:

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից կանչով ժամանած՝ «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության աշխատակիցներն Արման Կոստանյանին ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի բուժսենյակում զննելուց եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ ժամը 09:25-ի սահմաններում, հեռացել են, որից անմիջապես հետո Արման Կոստանյանը, դեռեւս գտնվելով բուժսենյակում, փախուստի դիմելու նպատակով աջ ոտքով հարվածել է դռանը, բացել այն ու կտրուկ վազել է հերթապահ մաս, սակայն այդ պահին այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ հերթապահի օգնական Կարեն Արթուրի Դավիդյանը եւ ձերբակալվածների պահման վայրի ոստիկան Նարեկ Սուրենի Աբրահամյանը բռնել են Արման Կոստանյանի ձեռքերից եւ թույլ չեն տվել առաջ շարժվել:

Արման Կոստանյանին հաջողվել է մի քանի քայլ առաջանալ դեպի հերթապահ մասի մուտքի դռան կողմը, որի ժամանակ վերջինս բղավել ու պահանջել է իրեն բաց թողնել: Նույն պահին ոստիկանության աշխատակիցներ Կարեն Դավիդյանին եւ Նարեկ Աբրահամյանին օգնության է եկել ոստիկանության Արարատի բաժնի վարորդ Մարտիկ Հակոբի Ղարիբյանը, որը փորձել է թույլ չտալ, որպեսզի Արման Կոստանյանը դուրս գա հերթապահ մասից, սակայն վերջինս իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով, բռնություն գործադրելով Մարտիկ Ղարիբյանի նկատմամբ, նրան քաշքշել եւ հրմշտել է, ինչի հետեւանքով Մարտիկ Ղարիբյանը դիպել է դեպի ձերբակալվածների պահման վայր տանող մետաղյա դռանը, եւ նրա առողջությանը պատճառվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի միջին երրորդականի հետին-դրսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի եւ քերծվածքների ձեւով: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներ Կարեն Դավիդյանի, Նարեկ Աբրահամյանի եւ Մարտիկ Ղարիբյանի կողմից ձեռնարկված գործողությունների հետեւանքով ձերբակալված Արման Կոստանյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ ձերբակալվածների պահման վայրից փախուստը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

Քնար Մանուկյան




Լրահոս