Արցախցիների համար ՀՀ բուհերում անվճար տեղերի քանակը կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճարտեղեր հատկացնելով:

ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր: Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ:

Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողական աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև  ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:




Լրահոս