ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ՝ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

 

-Պարո՛ն Ներսիսյան, հուլիսի 14-ից Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, որը որոշակի թափ է ստացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում: Ո՞րն է շարժման հիմնական նպատակը կամ նպատակները:

-Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ է. Արցախի ժողովուրդը պահանջում է դադարեցնել Արցախի շրջափակումը, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերից պահանջում է լիարժեքորեն կատարել իր գործառույթները, աշխարհի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ իրականացվող հանցավոր գործողություններին եւ պահանջում պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի կյանքը, անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու հարցում: Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում է անքննարկելիորեն հաշվի առնել, որ Արցախը եւ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չեն կարող լինել: Արցախի ժողովրդի անունից ոչ ոք չի կարող որոշել նրա ճակատագիրը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացվել ու երբեք չի կարող սակարկության առարկա դառնալ, մեր ժողովրդի համար անընդունելի է նշաձողի իջեցման ցանկացած փորձ կամ քայլ:

-Առաջին իսկ օրվանից ամենատարբեր շրջանակներ նաեւ քննադատում են համաժողովրդական շարժումը, գնահատականներ են հնչեցնում Ձեր ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, քանի որ ընդհանուր ընկալումն այն է, որ շարժման առաջամարտիկները դուք եք: Այսօր

(երեկ-խմբ.) Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ շարժումը կառավարվում է մի կետից՝ ՀՀ իշխանությունների կողմից: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում, եթե շարժման հռչակված նպատակներից մեկն էլ համերաշխությունը, միասնությունն ու համախմբվածությունն է:

-Ցավոք, մենք ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ քաղաքականությունը, քաղաքական կամ անձնական շահը ոմանց համար գերակա է պետական ու հանրային շահից: Եվ երբ որոշ մարդիկ ուզում են համաժողովրդական շարժումը ծառայեցնել իրենց նախընտրած շահերին, ու չի ստացվում, սկսվում են հնչել նման ամենատարբեր հայտարարություններ: Շարժումը ժողովրդինն է, մենք ընդամենը փորձում ենք այն պահել անբիծ ու մաքուր տեսքով: Գիտեք, շատերը չեն ուզում հասկանալ եւ ընդունել, որ մարդիկ հոգնել են քաղաքականությունից, քաղաքական խաղերից, ներեցե՛ք արտահայտությանս համար, զզվում են այդ ամենից, ուզում են իրական պայքար, բայց դե գտնվում են մարդիկ, որոնք չեն կարողանում հաշտվել դրա հետ, ավելին՝ փորձում են նսեմացնել, արժեզրկել ժողովրդի ցասումը: Կարծում եմ՝ մի մասն էլ պարզապես մոլորության մեջ են՝ հավանաբար բավարար տեղեկություններ չունենալով կամ տարբեր կարծրատիպեր հաշվի առնելով:

Ինչ վերաբերում է պարոն Իշխանյանի հայտարարությանը, ապա ես շատերից կսպասեի նման գնահատական, բայց ոչ նրա նման փորձառու, հավասարակշռված քաղաքական գործչից: Համոզված եմ՝ պարոն Իշխանյանը ամենատարբեր ուժերի կառավարման տակ գտնվող շատ մարդկանց է տեսել, բայց եթե նրա խոսքը վերաբերել է ինձ կամ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, ապա այն որքան էլ սեփական կարծիքի արտահայտում լիներ, անհիմն է եւ, մեղմ ասած, սխալ: Իրականում, եթե այդ հայտարարության հեղինակը պարոն Իշխանյանը չլիներ, ես լրիվ այլ կերպ կարտահայտվեի դրա առնչությամբ:

Բոլոր ազնիվ քննադատողներին հրավիրում ենք պարզ ու անկեղծ շփման՝ քննարկելու ջանքերի ու ռեսուրսների համատեղման հնարավորությունները: Ցավում եմ, որ նման ծանր իրավիճակում մենք կրկին մասնատված ենք ու չենք կարողանում արդյունավետ կերպով համախմբել բոլորիս ներուժը: Բայց հավաստիացնում եմ Ձեզ՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտներից՝ ժողովուրդը հաջողելու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց հուլիսի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Լիազորություններից զրկելու գործընթացն անօրինական էր, քանի որ ես հնարավորություն չունեի իմ դիրքորոշումն արտահայտելու: Ես խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ նախագահի պաշտոնակատարին անաշխատունակության տեղեկանք եմ ներկայացրել եւ գրավոր խնդրել եմ հետաձգել հարցի քննարկումը, բայց այն անտեսել են»,- ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:

Նա համոզված է, որ Հայաստանում դատարանի միջոցով կկարողանա վերականգնել իր լիազորությունները, հակառակ դեպքում Թագուհի Թովմասյանը պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ։ Թովմասյանին պաշտոնից զրկելու օգտին քվեարկեց 62, դեմ՝ 1 պատգամավոր, ինքը՝ պատգամավորը, նիստին ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին իշխանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մտադրության մասին այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում ակցիա էր կազմակերպել՝ հայտարարելով, որ չի իջնի ամբիոնից: Նրա իջեցրել էին անվտանգության աշխատակիցները:

Իշխող խմբակցությունը դեմ էր դուրս եկել Թովմասյանին ընդդիմությունից օմբուդսմենի թեկնածության քննարկման ժամանակ իշխանական պատգամավորների մասնակցությամբ լեզվակռվից հետո: Դրանից հետո Թովմասյանին մեղադրեցին, որ նա ընդմիջում չի հայտարարել եւ օմբուդսմենի թեկնածու Էդգար Ղազարյանից ներողություն չի պահանջել, որը հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանում «ադրբեջանաթուրքական հեղափոխություն» է տեղի ունեցել։

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԷԻՆ ՍՏԱՑԵԼ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանների դատավորները եւ աշխատակիցները՝ ավելի քան 500 հոգի, 54-օրյա դադարից հետո՝ երեկ, վերջապես աշխատավարձ են ստացել։ Ինչպես հայտնի է, 2 ամիս է՝ դատավորները արդարադատություն էին իրականացնում անվճար: Նրանք պարտաճանաչ գնում էին աշխատանքի, մինչեւ կեսգիշեր նիստերի մասնակցում, որոշումներ գրում ու տուն գնում՝ մտածելով, թե ինչպես լուծել իրենց տարրական, կենցաղային կարիքները, քանի որ դեռեւս հունվարին Երեւանի դատարանները բաժանվել էին քաղաքացիական եւ քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։ Եւ քանի որ օրվա քաղաքական իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի դատական իշխանության նկատմամբ, 6 ամիս շարունակ համապատասխան ենթաօրենսդրական ակտը չէր մշակվում, բյուջեի բաժանում չէր արվում, ավելին՝ կառավարությունը մերժել էր հարցը օրակարգում ընդգրկել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն գործադիրը նախորդ շաբաթվա նիստում ընդգրկել էր այդ հարցը: Բայց անկազմակերպվածության արդյունքում միայն երեկ դատավորները կարողացել են ստանալ հունիս ամսվա աշխատավարձը՝ առանց տույժ-տուգանքների։ «Բայց կարեւորը իրենց պարգեւավճարները չեն պակասում, իրենց վոյաժների օրապահիկները չեն ուշանում, իսկ դատական համակարգում մարդիկ օդով են ապրում։ Հետո էլ կասեն՝ սոցիալական երաշխիքներ, կադրերի ներգրավում, լավագույն պայմանների ստեղծում։ Նույն ԲԴԽ-ում, դատական դեպարտամենտում երբ հայտարարում են, թե տեղյակ են խնդրից, քանի՞ օր են պատրաստ անվճար աշխատել։ Կամ երբ դատավորը որոշումը մեկ օր ուշացնում է, տեխնիկական վրիպակ է թույլ տալիս, նույն ԲԴԽ-ն առանց աչք թարթելու վարույթ կհարուցի եւ խիստ նկատողություն կհայտարարի, իսկ հիմա 54 օր հետո աշխատավարձ են տալիս, ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, առանց տույժ-տուգանքների, առանց ներողության, առանց մեղքի զգացման։ Սա էլ եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, էլի կձգվեր»,-ասում է դատական համակարգի մեր աղբյուրը։ Եւ սա միակ խայտառակությունը չէ. իշխանության «անտեր» զավակին՝ դատական համակարգին այնպես են անտեսել, որ օրեր շարունակ դատարանների կազմերի հեռախոսահամարները պարտքի պատճառով անջատված է եղել, այսինքն՝ փաստաբանները, քաղաքացիները տարրական խնդիր ունեին դատարանների հետ կապ հաստատելու, պետությունը պարտքը չէր վճարել։ Նորից լրատվամիջոցների աղմուկից հետո դեպարտամենտը վճարել էր պարտքը, եւ հեռախոսները միացվել էին։ Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը եւ, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ։

 

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արցախցիները վաղը կոնկրետ պահանջներ կներկայացնեն ՀՀ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին: Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները եւ վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման եւ հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման եւ դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման: Հավաքը միասնական մասնակցությամբ կարտահայտի հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում արցախցիների անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:

 




Լրահոս