Կառավարությունը 2020 թվականից սկսել է ծրագիր, որի շրջանակներում անվճար տրամադրում է դեղորայք Հեպատիտ Ց-ի համար, և եթե սկսել էինք 100 հոգու համար, ապա այս տարի 1810 հոգուց ավել անձի համար է դեղորայք ձեռք բերել:
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, ArmLur.am-ի հարցին ի պատասխան, նշեց․
«Առողջապահության նախարարությունը Կառավարության հետ համատեղ իրականացնում է պետական բյուջեի միջոցների շրջանականերում թեստավորում արագ թեստերի շնորհիվ: Միջազգային դոնորների աջակցությամբ փորձում ենք իրականացնել այս ծրագիրը՝ թեստավորում պոլիկլինիկաներում, շարժական կլինիկաների միջոցով: Ինչպես նաև ՊՇՌ թեստավորումն է արդեն իսկ սկսվել անվճար իրականացվել պետական բյուջեի շրջանակներում»։
Նախարարի տեղակալը հավելեց, որ այն անձինք, բուժաշխատողները, ովքեր աշխատում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, նույնպես պետական բյուջեի շրջանակներում են ստանում իրենց հասանելիք աշխատավարձերը, որպեսզի կարողանան հիվանդներին տրամադրել այդ բուժօգնությունը:
Հավելենք, որ քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևերում: Վերը նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդության ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 1,3 անգամ:
Էմմա Միքայելյան