ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեպատիտ Ց-ն խիստ վտանգավոր եւ միաժամանակ «թանկարժեք» հիվանդություն է, որի բուժման համար անհրաժեշտ են հազարավոր դոլարներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա օգոստոսին վիրուսային հեպատիտ հիվանդության արձանագրված դեպքերի քանակը կազմել է 21, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ընդամենը 8 դեպք: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի խոսքերով՝ ՀՀ-ում հեպատիտ Ց-ով վարակվածների հստակ թվային տվյալ չկա, կան տոկոսային տվյալներ, ըստ որոնց` ՀՀ-ում հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է 2-3 տոկոս, իսկ հեպատիտ Ց-ինը՝ 3-5 տոկոս:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին բացահայտվեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնում բուժսպասարկում ստացած 15 հիվանդ վիրաբուժական գործիքներից վարակվել են հեպատիտ Ց-ով: Ինչի արդյունքում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի խոսքերով՝ հեպատիտ Ց-ն համարվում է համաշխարհային առողջապահության կազմակերպության գլոբալ խնդիրներից մեկը: Առ այսօր 170 մլն մարդ ամբողջ աշխարհում վարակված է վիրուսային հեպատիտ Ց-ով: «Ամբողջ աշխարհում ապացուցված է, որ վարակվածներից 30 տոկոսը սեփական իմունիտետի հաշվին, ինքնուրույն, առանց հակավիրուսային բուժման կարող են ազատվել այդ վիրուսից: Այդ պատճառով հակամարմին հայտնաբերելը դեռ չի նշանակում, որ մարդը տառապում է հեպատիտ Ց-ով»: Ըստ մասնագետի՝ այս հիվանդությունը դասվում է արյունային ինֆեկցիաների շարքին: «Վիրաբուժական, գինեկոլոգիական, ատամնաբուժական, ինչու ոչ՝ կոսմետոլոգիական մանիպուլացիաները կարող են հավանական ֆակտոր հանդիսանալ հեպատիտ Ց-ով վարակման համար: Վիրուսային հեպատիտ Ց-ն դեռեւս հակացուցում չէ հղիության, ամուսնանալու, ընտանիք ունենալու համար: Որպես կանոն 95 տոկոս դեպքերում վարակված մորից ծնվում են առողջ՝ առանց վարակվածության: Իսկ եթե 5 տոկոսի դեպքում էլ երեխաները վարակվում են, ապա դա դեռ ողբերգություն չէ, որովհետեւ մինչեւ 5 տարեկանը իրենք շատ ավելի հեշտ են ազատվում վիրուսից, քան մեծահասակները»:
Նշենք, որ շատերը տեղյակ չեն, որ գեղեցկության սրահներում նույնպես հնարավոր է հեպատիտ Ց ձեռք բերել: Օրինակ՝ եղունգների հարդարման նպատակով կիրառվող գործիքները կարող են հեշտությամբ հիվանդության փոխանցման աղբյուր դառնալ, եթե պատշաճ կերպով չեն ախտահարվել: Նույնը դաջվածքի սրահներին է վերաբերում. այստեղ եթե մասնագետը անգամ միանգամյա օգտագործման ասեղ է կիրառում, կարող է այն վարակ պարունակող ներկամանի մեջ թաթախել եւ առողջ հաճախորդի վարակման պատճառ դառնալ: Սակայն այսօր կարծես թե չկա որեւէ պետական կառույց, որը կվերահսկի նման կենտրոնների գործունեությունը: «Մի քանի անգամ այս հարցը բարձրացվել է, իսկապես, դա էլ է համարվում ռիսկի ֆակտոր: Այնպես որ, բոլոր մատնահարդարները գիտեն, որ ամեն մի մանիպուլացիայից հետո պետք է գործիքները ենթարկվեն ճիշտ ստերիլիզացիայի: Բայց միայն մատնահարդարները չէ, որ վարակելիության աղբյուր են, հիմա շատ տարածված են տատուները, պերսինգները: Դաջվածք անելիս ավելի շատ կարող են վարակվել: Մենք ունեցել ենք հիվանդներ, որոնք դաջվածք անելիս են վարակվել: Եթե մենք ունենում ենք դեպք եւ վստահ ենք, որ այն առաջացել է այսինչ կենտրոնից, ապա մենք մեր պարտքն ենք համարում զանգահարել եւ զգուշացնել, որ իրենց ծառայությունից ունենք վարակված անձ»,- «Ժողովուրդ»-ին պարզաբանեց մասնագետը:
Թեեւ Երեւանում գործող գեղեցկության որոշ սրահների աշխատակիցներ համառորեն պնդում են, թե իրենց կենտրոններում մատնահարդարման համար նախատեսված բոլոր տեսակի գործիքները պատշաճ ախտահարվում են, այնուամենայնիվ, Հասմիկ Ղազինյանը առաջարկում է գեղեցկության սրահ մտնել սեփական գործիքներով:
Մեր քաղաքացիներին անհանգստացնող մյուս կարեւոր հարցը դա հեպատիտ Ց-ի գերթանկարժեք բուժումն է: Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանում հեպատիտ Ց-ի բուժման տարեկան կուրսը կազմում է ավելի քան 15 հազար դոլար: Ի դեպ, հետազոտությունները նույնպես վճարովի են, հեպատիտ Ց-ի միայն հակամարմինների նկատմամբ հետազոտությունն արժի 12 հազար 500 դրամ: Հավելենք, որ Հայաստանում բուժումն իրականացվում է հնդկական արտադրության դեղամիջոցներով: Արդյոք հնդկական արտադրության դեղամիջոցների արդյունավետությունը բարձր է: Հիշեցնենք, որ նույն հնդկական արտադրության դեղամիջոցներից դժգոհում էին շաքարային դիաբետով հիվանդ քաղաքացիները: Այս հարցին ի պատասխան՝ Ղազինյանն ասաց. «Հեպատիտ Ց-ի բուժումն ունի իր պատմությունը. այն 1989-2015 թվականների ընթացքում անընդհատ փոփոխվել է, որովհետեւ հակավիրուսային բուժման ելքերը խիստ ցածր էին, դրանք պետք էր բարձրացնել: Եւ 2015 թվականից ամբողջ աշխարհում գործում են նոր ուղեցույցեր, որոնցից օգտվում ենք եւ մենք՝ հայաստանցի լյարդաբաններս: Կոնկրետ իմ փորձը ցույց է տալիս, որ, իսկապես, այդ հակավիրուսային պրեպարատները, որոնք լիցենզավորում ունեն Հնդկաստանում, իրենց էֆեկտիվությամբ չեն զիջում եվրոպական կամ ամերիկյան արտադրության նմանատիպ դեղորայքին: Մենք պատրաստվում ենք կազմակերպել տվյալ պրեպարատի գրանցումը, այն դեռեւս մասնավոր ձեւով են ներկրում: Հենց դրա շնորհիվ ամբողջ աշխարհում եւ մեզ մոտ այսօր համարում ենք, որ հեպատիտ Ց-ն բուժելի է: Այս դեղամիջոցը ոչ միայն օգնում է, այլ կարճացնում է բուժման տեւողությունը, որն էլ խիստ կարեւոր է: Բուժվող հիվանդների 90-95 տոկոսը առողջանում է»,-վստահեցրեց մասնագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս