Հասմիկ Պողոսյանի «երկարակեցության գաղտնիքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ կուսակցության քվոտայով ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը դարձել է ամենաերկարակյաց նախարարներից մեկը: Տարբեր կառավարություններ ձևավորվեցին նրա նշանակման օրվանից, սակայն Պողոսյանը մնաց ու մնաց:

Խորհրդային տարիների կոմունիստական ֆունկցիոներ, բազմաթիվ պաշտոններ վարած Ստեփան Պողոսյանի դուստրն իսկապես երջանիկ աստղի տակ է ծնվել. նա ստացել է մոդայիկ եւ էլիտար համարվող ռուսական կրթություն` 1977-ին ավարտելով մայրաքաղաքի Ա. Պուշկինի անվան ռուսական դպրոցը, զուգահեռաբար ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, ինչից հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որը 1982-ին ավարտելով եւ կենսաբան-մանկավարժի որակավորում ստանալով` մինչեւ 1993թ.՝ շուրջ տասը տարի, աշխատել է որպես ուսուցչուհի: Իհարկե, լինելով ապահովված ընտանիքի զավակ՝ նաեւ հասցրել էր  ավարտել ասպիրանտուրան: Դպրոցում աշխատելը չխանգարեց, որ 1986-ին «ձիու վրա» գտնվող հայրը նրան տեղավորեր նաեւ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեում:  Դարձյալ «էլիտար»  հաստատություն, ուր աշխատանքի էին ընդունում բոլոր նրանց, ովքեր ունեին զորավոր հովանավորներ եւ ՊԱԿ-ի վստահությունը:

Այստեղ Հասմիկ Պողոսյանը սկսեց ռեֆերենտի աշխատանքից, ապա դարձավ  ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար եւ, ի վերջո, նախագահ: Բայց ինչ էլ աշխատեց, միշտ մնաց որպես այցելուներին պատրաստակամորեն սուրճ մատուցող: Այդ գործը նա հատկապես ջանադրաբար էր  անում, երբ այնտեղ էր լինում Արմեն Սմբատյանը: Հենց Արմեն Սմբատյանն ու  առաջին տիկին Բելլա Քոչարյանն էլ նպաստեցին այն բանին, որ 2006թ.  նա նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար` որպես ՄԱԿ կուսակցության ներկայացուցիչ:

Նրա նշանակումից կարճ ժամանակ անց թերթերն սկսեցին գրել տիկին Հասմիկի հագնվելու  «ոճի», պահվածքի, վոլյունտարիզմի մասին: Արմեն Սմբատյանը, նրան առաջադրելով նախարարի պաշտոնին,  իր հաշիվներն ու հաշվարկներն ուներ. յուրաքանչյուր տարի Հասմիկ Պողոսյանը ահռելի գումարներ էր փոխանցում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին, որը տնօրինում էր Սմբատյանի մայրը: Բայց Հասմիկ Պողոսյանը, լինելով Սմբատյանի նվիրյալ ենթական, միայն նրա ֆինանսական միջոցներով չէ, որ զբաղված էր: Նա Իտալիա ուղարկեց առաջին ամուսնությունից ծնված իր որդուն, նրա համար բնակարանային հրաշալի պայմաններ ստեղծեց, ապա մեկնեց Իտալիա եւ այնտեղ հարսանիք արեց:

Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման շրջանում փոխնախարարի պաշտոնից ինքնակամ հեռացան Կարինե Խոդիկյանն ու Դավիթ Մուրադյանը, Գագիկ Գյուրջյանի վրա փորձեցին բարդել պատմական հուշարձանների վերականգնման համար նախատեսված մոտ 65 միլիոն դրամի փոշիացումը, սակայն Գագիկ Գյուրջյանը սպառնաց բացահայտել ճշմարտությունը, ինչից հետո էլ նրան նշանակեցին «Էրեբունի»  թանգարանի տնօրեն: Թե ում վրա էին բարդելու Օպերային թատրոնում «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար նախատեսված 50 միլիոն դրամի «անհետացումը», պարզ չէր, սակայն նախարարի հրահանգով շտապ վերականգնվեց այդ գումարը, որովհետեւ Վերահսկիչ պալատն արդեն այդ փաստն էլ էր արձանագրել: Եթե փոխնախարարները հեռացան ինքնակամ կամ հարկադրաբար, ապա նախարարի երկու խորհրդականի «բախտը չբերեց». նրանք կալանավորվեցին պետական միջոցների մսխման համար: Ընդ որում նրանցից մեկն Արմեն Սմբատյանի հարազատն էր: Զարմանալի էր, որ խորհրդականները գումարներ էին մսխում, ակտեր ստորագրում, կաշառք ստանում, իսկ նախարարը` հրեշտակի մաքրությամբ, անտեղյակ էր այս ամենին: Եվ այդ օրերին գնաց Սերժ Սարգսյանի մոտ, հոնքուր-հոնքուր արտասվեց, թե տեղյակ չի եղել ոչնչից՝ շարունակելով պահպանել նախարարի աթոռը:

Չորս տարվա ընթացքում Հասմիկ Պողոսյանին հաջողվեց լուծարել «Փոսի»   թատրոնն ու հաստիքները տրամադրել ոչ պետական «Գոյ»  թատրոն-լաբորատորիային: Լուծարվեց Էստրադային-ջազային արվեստի քոլեջը, քայքայվեցին Սունդուկյանի անվան եւ Սպենդիարյանի անվան ազգգային ակադեմիական թատրոնները, հեռացվեցին դրանց գեղարվեստական ղեկավարները:

Հասմիկ Պողոսյանը հասավ նրան, որ փոփոխվեց  մրցութային կարգով տնօրեններ նշանակելու օրենսդրական դրույթը եւ  այդպիսով`  առանց մրցույթների տնօրեններ նշանակեց Երեւանի Պարարվեստի, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, «Բարեկամություն» պարի անսամբլում: Հրապարակային չեղան նաեւ նախարարության արվեստի գործերի վարչության պետերի «մրցույթները». նա սկզբում ամեն ինչ արեց իր ընկերուհի Նաիրա Եղիազարյանին այս պաշտոնում նշանակելու համար, ապա կարճ ժամանակ անց նրան հեռացրեց նախարարությունից: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով նրան հետ  վերադարձրեց ու նշանակեց խորհրդական: Առանց հրապարակային մրցույթի վարչության պետի պաշտոնը զբաղեցրեց նաեւ Սոնա Հարությունյանը: Նշենք, որ  վաղուց առանց օրինական մրցույթի է իր պաշտոնը զբաղեցնում Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:

Այսպիսով՝ Հասմիկ Պողոսյանը կարողացավ ոլորտում «լավ տեղավորվել» եւ դառնալ ՀՀ ամենաերկարակյաց նախարարուհիներից մեկը, որը անվերապահ վայելում է ՀՀ բոլոր առաջին տիկնանց բարեհաճությունը

 

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

2011 փետրվար

 




Լրահոս