
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ավետիսյանին։
Մարզպետը կազմակերպության ղեկավարի հետ քննարկել է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի՝ արդեն ավարտված հիմնանորոգման աշխատանքների որակի հետ կապված խնդիրները։ Քննարկվել են նաև Գանձաքար-Իծաքար ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
Քննարկումից հետո մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարը, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և շինարարական կազմակերպությունների ղեկավարները այցելել են Սարիբեկ Օհանյան փողոց և Գանձաքար-Իծաքար ճանապարհահատված, տեղում իրականացրել ուսումնասիրություններ։