Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսի հրավիրված Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը այդպես էլ չներկայացավ: Այս բացակայությունը Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը պատճառաբանեց նրանով, որ երեկ երեկոյան գյուղապետին կանչել են մարզպետարան և ասել նրան, որ առանց մարզպետի թույլտվության՝ ոչ ոք իրավունք չունի այնտեղ կառուցել սրճարան:
Համաձայն Լիա Բախշինյանի խոսքի` Գառնու գյուղապետին բավարարել է մարզպետարանի պատասխանը:
Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսից: «Երեքշաբթի օրը պետք է լիներ մամլո ասուլիս, բայց որտեղ, երբ, ինչ, ես չգիտեմ և չեմ էլ իմացել: Ոչ էլ զանգել են մի ժամ առաջ, կես ժամ առաջ, որ զանգեն հրավիրեն որտեղ»,-հայտնեց Գառնու գյուղապետը:
Այն հարցին, թե արդյոք երեկ երեկոյան գնացել է մարզպետարան, և ինչ են նրան պատասխանել, Աշոտ Վարդանյանը հայտնեց, որ Գառնու տարածքում սրճարանի շինարարության հարցի հետ կապված մարզպետարան չի գնացել, այլ զանգահարել են:
Իսկ թե ինչ ընթացքի մեջ են գտնվում շինարարության հետ կապված աշխատանքները, Գառնու գյուղապետը նշեց. «Ես պարզել եմ, որ, միանշանակ, համայնքի ղեկավարի իրավասության տակ է շինարարության թույլտվություն տալը, ոչ թե՝ նախարարի: Հետևաբար, ես օրենքով սահմանված կարգով դադարեցրել եմ աշխատանքները»:
Armlur.am-ի թղթակցի այն հարցին, թե սրճարանի կառուցման հետ կապված գյուղապետի բողոքն արդյոք պայմանավորված է նրանով, որ Գառնու տարածքի սրճարանները պատկանում են նրան և դրա համար է նա պայքարում, որպեսզի իր բիզնեսին վնաս չհասցնի նոր կառուցվող սրճարանը, Գառնու գյուղապետը պատասխանեց. «Կարող եք դիմել կադաստրի կոմիտե, հարցում անել՝ Վարդանյան Աշոտը հանրապետության տարածքում ինչ սեփականություն ունի, հստակ սևով սպիտակի վրա կգրեն կտան ձեզ»` ավելացնելով, որ ինքն ամենայն անկեղծությամբ ընդամենը 50 ոչխար և 70 գառ ունի, ոչ ավելին: