ՀԱՅՀՈՅԱՆՔ, ՔԱՇՔՇՈՒԿ ՈՒ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Սարգսի Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել.

 

վերջինս, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 26142923 քրեական վարույթով հանդիսանալով ձերբակալված անձ եւ գտնվելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցում, 2023թ հունիսի 8-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կատարել է խուլիգանություն, հասարակության, այն է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ հերթապահ Էդգար Կամոյի Մկրտչյանի, հերթապահի օգնական Էդգար Տիգրանի Սարգսյանի եւ ձերբակալվածների պահման վայրում տվյալ օրը ծառայություն իրականացնող ոստիկան Արման Սեթի Ստեփանյանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսեւորվել է իր կողմից թիվ 4 խցի դռանը ոտքով պարբերաբար հարվածելիս ինչպես իրեն կարգի հրավիրող նշված ոստիկանության աշխատակիցներին ուղղված, այնպես էլ շուրջ 30 րոպե տեւողությամբ անհասցե սեռական բնույթի հայհոյանքներով, ոտքի բազմաթիվ հարվածներով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցի դռան փականը եւ դռան շրջանակի՝ փականին հարող հատվածները վնասելով, նաեւ ռազմականացված կազմակերպության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի բնականոն աշխատանքը խոչնդոտելով, որպիսի պայմաններում ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ստեղծվել է լարված իրավիճակ, եւ օպերատիվ հերթապահ Էդգար Մկրտչյանը, հերթապահի օգնական Էդգար Սարգսյանը չեն կարողացել պատշաճ կերպով իրականացնել իրենց ծառայությունը՝ պատասխանել ոստիկանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացիների հեռախոսազանգերին, կատարել իրենց վերապահված այլ գործառույթներ:

Արման Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 26142923 քրեական վարույթով հանդիսանալով ձերբակալված անձ եւ գտնվելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի թիվ 4 խցում, 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, խնդրել է շտապ բուժօգնություն՝ պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում:  ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից կանչով ժամանած՝ «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության աշխատակիցներն Արման Կոստանյանին ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի բուժսենյակում զննելուց եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ ժամը 09:25-ի սահմաններում, հեռացել են, որից անմիջապես հետո Արման Կոստանյանը, դեռեւս գտնվելով բուժսենյակում, փախուստի դիմելու նպատակով աջ ոտքով հարվածել է դռանը, բացել այն ու կտրուկ վազել է հերթապահ մաս, սակայն այդ պահին այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ հերթապահի օգնական Կարեն Արթուրի Դավիդյանը եւ ձերբակալվածների պահման վայրի ոստիկան Նարեկ Սուրենի Աբրահամյանը բռնել են Արման Կոստանյանի ձեռքերից եւ թույլ չեն տվել առաջ շարժվել:  Արման Կոստանյանին հաջողվել է մի քանի քայլ առաջանալ դեպի հերթապահ մասի մուտքի դռան կողմը, որի ժամանակ վերջինս բղավել ու պահանջել է իրեն բաց թողնել: Նույն պահին ոստիկանության աշխատակիցներ Կարեն Դավիդյանին եւ Նարեկ Աբրահամյանին օգնության է եկել ոստիկանության Արարատի բաժնի վարորդ Մարտիկ Հակոբի Ղարիբյանը, որը փորձել է թույլ չտալ, որպեսզի Արման Կոստանյանը դուրս գա հերթապահ մասից, սակայն վերջինս իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով, բռնություն գործադրելով Մարտիկ Ղարիբյանի նկատմամբ, նրան քաշքշել եւ հրմշտել է, ինչի հետեւանքով Մարտիկ Ղարիբյանը դիպել է դեպի ձերբակալվածների պահման վայր տանող մետաղյա դռանը, եւ նրա առողջությանը պատճառվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի միջին երրորդականի հետին-դրսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի եւ քերծվածքների ձեւով: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներ Կարեն Դավիդյանի, Նարեկ Աբրահամյանի եւ Մարտիկ Ղարիբյանի կողմից ձեռնարկված գործողությունների հետեւանքով ձերբակալված Արման Կոստանյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ ձերբակալվածների պահման վայրից փախուստը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆ ԷՐ

Հուլիսի 24-ին՝ ժամը 01.17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցի ակումբներից մեկում ծեծկռտուք է: Ժամը 02.50-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել. շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 36-ամյա օտարերկրացի տղամարդու՝ «այտի եւ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ նշված ակումբի մոտ հիվանդանոց տեղափոխվածը բռունցքով հարվածներ է հասցրել 55-ամյա համերկրացուն, որն էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:

Հետագա միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին: Ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել նաեւ 36-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

 

 

 

 

 

ԿԻՐԱՌՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի եւ հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում եւ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Դատախազությունից  հայտնում են, որ կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների խախտման արդյունքում առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձեւով պատիժ է նշանակվել: Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 19-ին եւ հուլիսի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումներով՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը եւ դրանցում Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության եւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի երկու դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 21-ի հրամաններով՝ դատախազների նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

 

 

 

 

ԱԱԾ-Ն՝ 1 ՏՈՆՆԱ ԿՈԿԱՅԻՆԻ ԳՈՐԾՈՎ

ԱԱԾ-ն 1 տոննա Կոկայինի գործով որոշում է կայացրել եւ 2 ամսով երկարաձգել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ ընկերության տնօրենն ու պահեստապետը ներկայացրել են այն, ինչը Միհրան Պողոսյանի ցուցադրել է տեսանյութում: Մասնավորապես, ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը հայտնել է, որ բանվորը տարօինակ բան է նկատել արկղերում, ու այդ մասին տեղյակ են պահել իրեն, ինքը 15 րոպե անց մոտեցել է արկղերին եւ տեսել է տարօրինակ զանգվածը: Առանձնացրել է մեկ արկղը ու նկարել է իր բջջային հեռախոսով: Կրկին բացել է նոր արկղ ու նկարել է իր հեռախոսով տարօրինակ զանգվածը: Այդ ամենից հետո հրահանգել է աշխատակիցներին շարունակել աշխատանքը, իսկ տարօրինակ զանգվածի մասին տեղյակ է պահել ղեկավարներին, ու այլ բանից տեղյակ չէ:

Ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանն էլ ցուցմունք է տվել, որ աշխատակիցները նկատել են տարօրինակ զանգված արկղերում, որի մասին տեղյակ են պահել իրեն, եւ այլ բան չգիտի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունիւց հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է:

Նկատենք, որ նույնիսկ վարույթի հանրային մասնակիցների մոտ է խոսակցություն եղել, որ ակնհայտ է՝ պահեստապեսը որեւէ առնչություն չունի Կոկաինի հետ։ Ստանալուց իրեն այդ մասին տեղեկացրել են բանվորները, որ բանանի արկղերի մեջ այլ պարունակություն կա, ինքն էլ անմիջապես տեղեկացրել է ՍՊ ընկերության ղեկավարությանը, որոնք մի քանի անգամ եկել ուսումնասիրել են։

Համացանցում տեսագրությունը հրապարակվել է, թե ինչպես է պահեստապետը անակնկալի եկած ուսումնասիրում արկղերը, ապա լուսանկարում եւ ուղարկում է տնօրենին, սակայն շարունակում են նրան կալանքի տակ պահել։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս