Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջափակման հետեւանքով Արցախն այսօր գտնվում է հումանիտար աղետի պայմաններում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետեւանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչեւ տարեց քրոնիկ հիվանդներ:

 

«Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը եւ դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից.

Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները.

Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարեւոր սարքավորումները.

Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով տարբեր ժամանակահատվածներում լրիվությամբ կամ մասնակի փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հոգեբանական ահաբեկչության ու թերսնման պատճառով մեծապես տուժել է երեխաների ընկալունակությունն ու առաջադիմությունը, հարյուրավոր ուսանողներ չեն կարողանում մեկնել Հայաստան եւ արտասահման կրթության շարունակման նպատակով:

Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետեւանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետեւանքների.

Մասնավոր հատվածում փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է»,- մանրամասնեց Արցախի նախագահը:

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանն իր պաշտոնին նշանակվել է 2023 թվականի ապրիլի 4-ին: Մինչ վարչապետի աշխատակազմ տեղափոխվելը Սարգսյանը Երեւանի քաղաքապետն էր: Հայտարարագիր ներկայացրել է վարչապետի աշխատակազմ տեղափոխվելուց մեկ ամիս անց, սակայն հայտարարագիրը ներկայացված է՝ ըստ փոխքաղաքապետ եղած ժամանակահատվածի:

 

Սարգսյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո կայացված ավագանու արտահերթ ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ նախկինում բանկային համակարգում աշխատող Սարգսյանը 2023 թվականի ապրիլի 17-ին հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից. նա ընտրվել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկումից անմիջապես հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Այդ ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրում, երբ Սարգսյանը քաղաքապետ էր, հայտարարգրել է 10 մլն 777 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի խորհրդական է եւ ներկայացրել է քաղաքապետ եղած ժամանակահատվածի հայտարարագիր, նրա եկամուտներն ավելացել են՝ դառնալով 16 մլն 168 հազար դրամ:

Այսպիսով, վարչապետի խորհրդականը, ըստ հայտարարագրի, 2017 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, որը ձեռք է բերել հիփոթեքով: Ըստ այդմ, Սարգսյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն 606 հազար դրամ, որից 11 մլն 942 հազար դրամը հիփոթեքի գումարի մնացորդն է:

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 240 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա ավելացված եկամուտներից  2 մլն 681 հազար դրամը Երեւանի քաղաքապետի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից է՝ որպես աշխատանքի վարձատրություն:

Քաղաքական գործիչներից շատերը հայտարարագրում ոչ մի ծախս չեն նշում. ՔՊ-ական  թիմը, որը խոսում էր թափանցիկությունից, այժմ ավելի գաղտնի է պահում իրենց վերաբերող տվյալները, քան նախկինում էր: Նրանք հայտարարագրում են ծախսեր միայն վարկերի մարման վերաբերյալ, ինչպես արել է Սարգսյանը: Նրա՝ վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 մլն 121 հազար դրամ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՎԻՃԱԿԸ՝ ԿՈՐՊՈՒՍՈՒՄ

2021թ. հուլիսի 8-ին Գրիգորի Խաչատուրովն ազատվեց ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նույն թվականի օգոստոսի 6-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Ալեքսանդր Ցականյանը։ Այդ կորպուսի զինծառայողները հայտնեցին, որ շատ սպաներ, պայմանագրային զինծառայողներ, չցանկանալով ծառայել Ալեքսանդր Ցականյանի հրամանատարությամբ, դիմումներ են գրել եւ զորացրվել։ 3-րդ բանակային կորպուսի զորամասերում քիչ չեն թափուր պաշտոնները։ Խնդիրներ կան նաեւ սահմանագծի դիրքերը պատշաճ կահավորելու գործում։ 3-րդ բանակային կորպուսը գլխավոր ռազմական տեսչության կողմից ցածր գնահատականի է արժանացել։ 2023թ. հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա առթիվ մի շարք հրամանատարներ գեներալի զինվորական կոչումներ են ստացել, սակայն 3-րդ բանակային կորպուսի վատ արդյունքների պատճառով գնդապետ Ցականյանին գեներալի կոչում չեն շնորհել։ ՊՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ դրվել է Ալեքսանդր Ցականյանին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու հարցը, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչ-ինչ շահագրգռվածությունից դրդված, չի համաձայնել դրան։ 3-րդ բանակային կորպուսի մի խումբ սպաների նկատմամբ ներկայումս քրեական գործեր են քննվում:

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ «ԴՐԵՍ ԿՈԴԸ»

Տավուշի մարզպետարանը համապատասխան նախարարությունների հետ կառավարում է ընդամենը երկու ոլորտ՝ մարզի բուժհիմնարկները եւ հանրակրթական դպրոցները, իսկ մարզպետարանում պաշտոնավարում են շուրջ 70 պաշտոնյաներ, որոնք, բարձր աշխատավարձից զատ, տարեկան ընդհանուր շուրջ 60 միլիոն դրամ պարգեւավճար են ստանում պետբյուջեից։ Նիկոլի Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը, իբր, սահմանամերձ մարզի բոլոր հիմնախնդիրները լուծեց,  անցել է մարզպետարանի աշխատողների «դրես կոդին»։ Հ. Ղալումյանը 2023թ. հուլիսի 20-ին ընդունել է թիվ 185-Ա որոշումը՝ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատանքային ներքին կանոնակարգը հաստատելու եւ ՀՀ Տավուշի մարզպետի 2021 թվականի հունիսի 20-ի «ՀՀ Տավուշի մարզպետի 2021 թվականի հուլիսի 31-ի թիվ 65-Ա» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»։

Այդ որոշման 5-րդ բաժինը վերնագրված է՝ «Մարզպետի աշխատակազմի աշխատողների հանդերձանքի կանոները»: Տղամարդկանց համար սահմանվել են հանդերձանքի հետեւյալ կանոնները՝ դասական միագույն վերնաշապիկ՝ առանց հավելյալ նախշերի (թույլատրվում են նույն երանգներով աննշան նախշեր, բաց երանգների մեջ), գործարար ոճի միագույն բաճկոն, կոստյում, ժիլետ՝ առանց հավելյալ նախշերի (թույլատրվում են նույն երանգներով աննշան նախշեր), գործարար ոճի տաբատ, գույնը՝ սեւ, մուգ կապույտ, մոխրագույն, շագանակագույն, փողկապ, դասական միագույն կոշիկներ։ Կանանց համար եւս սահմանվել են հանդերձանքի կանոներ։ Մարզպետարանի աշխատողներին   չի թույլատրվում կրել կաշվե եւ սպորտային հագուստ, ջինսե հագուստ,սպորտային կոշիկներ, սանդալներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս