Սա միանշանակ քաղաքական նշանակում է․ Սեյրան Օհանյանը՝ Հրաչյա Սարգսյանի նոր պաշտոնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետի որոշմամբ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ է նշանակվել Հրաչյա Սարգսյանը։ Հրաչյա Սարգսյանն իր աշխատանքային կարիերան սկսել է դեռ 2010 թվականից ՝ աշխատելով «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ տարբեր հաստիքներով։

Թվում է, թե նման կրթություն և աշխատանքային փորձ ունեցողը կապ չի ունենա քաղաքականության հետ, սակայն 2018 թվականը շրջադարձային եղավ Սարգսյանի կյանքում։ Նա «Իմ քայլը» դաշինքով ընտրվեց Երևանի ավագանու անդամ, ապա դարձավ քաղաքապետի առաջին տեղակալ, հետո՝ քաղաքապետ։ Քանի որ իշխանությունները սիրում են անակնկալներ մատուցել, Սարգսյանի նոր նշանակումն ավելին էր, քան՝ անակնկալ։ Ինչպե՞ս եղավ, որ բանկային համակարգում աշխատողը հանկարծ դարձավ քաղաքապետ, հետո՝ վարչապետի խորհրդական, իսկ այժմ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ։

ArmLur.am-ը խոսել է նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ, իմանալու՝ ինչ կարծիք ունի նա այս նշանակման վերաբերյալ։

«Այս հարցը պիտի տանք ներկայիս իշխանություններին, թե ինչ արժանիքների համար է նշանակվել, ինչ ճանապարհ է անցել և ինչ ուղղություն է համակարգելու ՊՆ-ում։ Ես Հրաչյա Սարգսյանին չեմ ճանաչում, բայց միանշանակ է, որ իշխանությունները ցանկացած պաշտոնի նշանակում են իրենց քաղաքական թիմից՝ իրենց քմահաճույքները կատարելու համար։ Բայց, կարծում եմ, գնահատականներից մեկն այն պետք է լինի, որ Պաշտպանության նախարարությունը չպետք է լինի այն կառույցը, որ երբ մարդկանց համար գործ չեն կարողանում գտնել, այնտեղ նշանակեն պաշտոնի»։

Սեյրան Օհանյանը փաստում է, որ այս նշանակումը միանշանակ քաղաքական բնույթ է կրում, և իրենց քաղաքական թիմի անդամներից են նշանակում, այնպիսի մարդկանց, ովքեր իրենց քաղաքական թիմի առաջադրանքներն է կատարելու։ Հարցին, թե որքանով է ճիշտ ընտրել նախարարի տեղակալ այն դեպքում, երբ 5 ամիս թափուր է ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը, 7 ամիս՝ ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2 տարի 7 ամիս՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալի պաշտոնը, Օհանյանը պատասխանեց․

«Միանշանակ անընդունելի է, որ դրանք թափուր են։ Սահմանապահ զորքերի հրամանատարը պետք է իրականացնի  ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ողջ կառավարումը, այն էլ այն ժամանակ, երբ մենք լուրջ սահմանային խնդիրներ ունենք։ ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնները հանդիսանում են ուղեղը՝ որոշումներ կայացնելու հարցում, և սա առաջին դեպքը չէ, որ այս պաշտոնները թափուր են։ Սա խոսում է նրա մասին, որ այսօր ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում Զինված Ուժերի կարևոր պաշտոնների համալրվածությանը և այդ պաշտոններում նշանակված մարդկանց կողմից քաղաքական իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու իրականացնելու գործին»։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս