ՆԱԽԱԽԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 26-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանին հունվարի 18-ից փոխարինում էր ներկայիս նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը։

 

2 տարիների պաշտոնավարման ընթացքում Նանուշյանը քիչ եկամուտ չի դիզել։ Նա 2022 թվականին ձեռք է բերել բնակարան «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ։ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։ Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության եւ բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:

Նրա ընտանիքը մինչ այս ունեցել է եւս մեկ բնակարան՝ որպես նվիրատվություն, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում. այն ձեռք է բերվել 1915 թվականին։ Առողջապահության տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 հազար դոլար եւ 3 մլն 344 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 55 մլն 996 հազար դրամ, որից 17 մլն 127 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նանուշյանը 10 հազար դոլար ստացել է նվիրատվություն Օֆելյա Նանուշյանից։

Նանուշյանը 54 մլն դրամ վարկ է հայտարարագրել, որը, ըստ երեւույթին, բնակարանի հիպոտեկի գումարն է, սակայն վարկերի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 34 մլն դրամ։ Նանուշյանը՝ ինչպես պետական համակարգում աշխատող հայտարարատու անձ, ոչ մի ծախս չի հայտարարագրել։ Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, հայտարարագիրը ներկայացրել է որպես Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ: Նա հայտարարագրել է մեկ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2001 թվականին, իսկ 2006-ին գնել է ավտոտնակ:

Մխիթարյանը հայտարարագրել է 2015 թվականի արտադրության, MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականին: Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 2 մլն 152 հազար դրամ այն նույն կազմակերպությունից, որից կինը միանձնյա եղանակով գնել է բնակարան: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար դոլար, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 026 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Արթուր Մխիթարյանը եւս ծախսեր չի հայտարարագրել:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում որոշեց երկարաձգել Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացման եւ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները՝ համապատասխանաբար մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը եւ 2025 թվականի մարտի 1-ը:

 

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նախորդ փոփոխությամբ նշյալ ժամկետները երկարաձգվել էին համապատասխանաբար մինչեւ 2023 թվականի հուլիսի 31-ը եւ 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագրով նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը՝ 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետեւանքով, մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով, տարեկան կտնտեսվի շուրջ 19?0 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան եւ հուսալի ոռոգումը։ Միաժամանակ ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, եւ փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը, ինչպես նաեւ կնպաստի Սեւանա լճից ջրառի կրճատմանը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Վարկային միջոցների մասհանված գումարը կազմում է 70 մլն եվրո գումար, իսկ չմասհանված միջոցների ընդհանուր գումարը՝ 5 մլն եվրո գումար։

Ներկայումս նախատեսվում է Վեդու ջրամբարի եւ «Վեդի» գետի իշխման գոտում գտնվող շուրջ 500 հա փորձնական հողատարածքներում կառուցել ոռոգման ներտնտեսային փակ ցանց, որը ֆերմերներին հնարավորություն կտա սկզբնական փուլում իրականացնել մակերեսային ոռոգում եւ աստիճանաբար անցնել ոռոգման նոր ու արդյունավետ տեխնոլոգիաների (կաթիլային եւ անձրեւացման համակարգեր) կիրառության։

Այս պահին ավարտման փուլում են գտնվում Վեդու ջրամբարի երկու պատվարների (85մ եւ 17մ) շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի։ Ամբողջությամբ ավարտված են «Վեդի» եւ «Խոսրով» գետերի վրա ջրընդունիչ  հանգույցների եւ ջրի փոխադրող ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներն ու ճնշումային փորձարկումները։ Ավարտված են նաեւ Վեդու ջրամբարի իշխման տակ գտնվող եւ «Վեդի» գետից ինքնահոս սնվող հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները, իսկ փորձնական հողատարածքներում  ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման համար կապալառուների ընտրության մրցութային գործընթացները գտնվում են գնահատման փուլում։

Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2023 թվականի օգոստոսին 16 ամիս տեւողությամբ։ Ընդհանուր առմամբ, իրականացվել է ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 91.6%-ը։

 

 

 

ՄԻՊ-Ը՝ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին այցելել է Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար։ Ոսկեպարի բնակիչները  նրան ներկայացրել են տարաբնույթ խնդիրներ։ Ոսկեպարի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը ՄԻՊ-ին հայտնել է, որ ինքը մասնակցել է ռազմական վարժական հավաքի, սակայն Ոսկեպարի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը, հղում անելով օրենքի կետին, որ ռազմական վարժական հավաքների մասնակիցներին աշխատավարձի վճարումը թողնված է գործատուի հայեցողությանը, նրան այդ ամսվա համար աշխատավարձ չի վճարել: Հիմա օրենքը փոխվել է, ռազմական վարժական հավաքների մասնակիցներին գործատուն պարտադիր պետք է աշխատավարձ վճարի։ Ն. Բեգլարյանը հայտնել է նաեւ, որ ռազմական վարժական հավաքի  ժամանակ ինքը հիվանդացել է, բժշկական «ՄՌՏ» հետազոտության համար պահանջվող  100 հազար դրամն իր ընտանիքն է վճարել, մինչդեռ այդ հետազոտության համար պետք է վճարեր պետությունը։ Ոսկեպարցիները  ՄԻՊ-ին հայտել են, որ 84 աշակերտ ունեցող Ոսկեպարի դպրոցի 5 ուսուցիչ ունի միջակարգ մասնագիտական, մանկավարժական կրթություն, այդ ուսուցիչերը հարկադրված են մասնակցել  կամավոր ատեստավորմանը, որպեսզի օգոստոսի 20-ից աշխատանքից  չազատվեն, սակայն հարց է, թե նրանք ինչ արդյունքներ  կունենան ատեստավորումից: Դրա հետ կապված՝  Ոսկեպարի դպրոցում անգլերենի, ռուսերենի, մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի, արվեստի, կերպարվեստի, երգեցողության դասավանդումը վտանգված է։ Ոսկեպարցինրը բարձրացրել են նաեւ գյուղում ԱԻՆ-ի հենակետ հիմնելու հարցը, ներկայացրել Ոսկեպարի դպրոցի շենքում մանկապարեզ գործարկելու  չեղարկված, պետական բյուջեից ֆինանսավորվելիք 30 միլիոն դրամանոց ծրագիրը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը գրառել է ոսկեպարցիներին  հուզող խնդիրները։

 

 

 

ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻՍԸ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հուլիսի 26-ին քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելությանը մասնակցել է 4 քաղաքացի։ Նրանցից երկուսը մարզպետին էին դիմել հողաշինության հետ կապված հարցերով։ Մեկ քաղաքացու խնդրանքն աշխատանքի տեղավորման հարցով էր։ Մի այլ քաղաքացի էլ ընդունելության էր եկել այլ հարցով։ 120 հազար բնակիչ ունեցող սահմանամերձ, հոգսաշատ, հազար ու մի չլուծված խնդիր ունեցող Տավուշի մարզից իրենց խնդիրների լուծմանն աջակցելու ակնկալիքով Տավուշի մարզպետին է դիմել ընդամենը 4 քաղաքացի։ Տավուշի մարզպետն է Նիկոլի Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 8-ին մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս