ՌՈԶԱ ԼԻՆԸ՝ ԻՐ ԵՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ առավոտ է, իսկ Ռոզա Լինն իր ճանապարհին է դեպի շրջագայության հաջորդ կանգառը: «Այսօր ես աշխատում եմ»,- վճռականորեն ասում է նա։ «Ճանապարհին լինելը զվարճալի էր, քանի որ ես շատ բան եմ սովորում: Ամեն երեկո ելույթ եմ ունենում, եւ սա այն է, ինչ միշտ ցանկացել եմ անել»,-գրում է Abqjournal-ը։

 

Ընդամենը մի քանի տարի առաջ Ռոզա Լինը լքեց իր հայրենիքը՝ Հայաստանը, եւ տեղափոխվեց Լոս Անջելես՝ իրականացնելու երաժիշտ դառնալու իր ողջ կյանքի երազանքը:

Իր նպատակասլացության հետ մեկտեղ նա կարողացավ տպավորել ճիշտ մարդկանց եւ ստանձնեց հայտնիների ազգային հյուրախաղերը բացողի դերը: Նա միացավ Էդ Շիրանին իր շրջագայության ժամանակ. դա երգչուհու կյանքում առաջին շրջագայությունն էր:

«Ես սկսել եմ մարզադաշտերից»,-հիշում է նա: «Էդը մոտեցավ ինձ իմ առաջին համերգից առաջ, որպեսզի համոզվեր, որ չեմ լարվում: Նա ինձ ասաց. «Վստա՛հ եղիր, որ չես լարվում, որովհետեւ ապացուցելու ոչինչ չունես: Դու արդեն այստեղ ես»: Նրա խոսքերն արտահայտեցին այն, ինչ ես միշտ ուզում էի լսել»։

Նա այժմ բացում է Young the Giant-ի շրջագայությունը, որի կանգառը Revel ABQ-ում է օգոստոսի 1-ին: «Ինձ համար շոուները շատ տարբեր են, – ասում է Ռոզա Լինը:- Էդ Շիրանի համար բացումը տեղի ունեցավ մարզադաշտերում, այնպես որ, ես ինձ հետ խումբ ունեի: Այս շրջագայությանը միայն ես եմ, իմ կիթառը եւ մեկ կիթառահար: Հավաքածուն մի փոքր ավելի զուսպ է, բայց լի հզոր երգերով»։

Ինչ վերաբերում է մինի ալբոմը գրելուն, Ռոզա Լինը երգերի շուրջ աշխատել է գրող, պրոդյուսեր Ռիկ Նովելսի հետ։

«Մենք հաճույք էինք ստանում միմյանց հետ աշխատելուց եւ սկսեցինք ամեն օր գրել,-ասում է նա:- Մի քանի ամիս սկսեցինք աշխատել, մի փունջ երգեր ձայնագրեցինք։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում, նախքան հյուրախաղերի գնալը, ես վերջնական աչքի էի անցկացնում մինի ալբոմը»:

Թեեւ Ռոզա Լինը վաղ հասավ հաջողությունների, նրա ուղին լի էր վերելքներով եւ վայրէջքներով: «Շատ անքուն գիշերներ եմ անցկացրել, – ասում է նա:- Երեք տարի առաջ ես կարծում էի, որ դա անհնար է: Ես Հայաստանից եմ, ու նման մարդկանց հետ նման բան չի լինում։ Առաջին քայլը ԱՄՆ հասնելն էր։ Ես ամեն օր աշխատում էի, որպեսզի հետաքրքրեի այս ասպարեզի մարդկանց: Ի վերջո, ես բեմում եմ, ուրեմն արժեր այդպես անել»:

«Ինձ համար կարեւոր է երգել այնպիսի երգեր, որոնք ես զգում եմ,-նշում է նա:- Գրում եմ իմ փորձառության մասին, բայց փոխում եմ որոշ հղումներ: Դա երգարվեստի գոհարն է»:

Կյանքը ճանապարհին որոշակի ընտելացում է պահանջում: Ռոզա Լինը Լոս Անջելեսում ընկերների մեծ շրջանակ ունի, բայց Հայաստանի տունը կարոտում է:

«Ես բառացիորեն թողեցի իմ կյանքը եւ սկսեցի զրոյից,-պատմում է երգչուհին:- Ես այստեղ մենակ եմ եկել, եւ ինձ համար դժվար էր հեռու լինել իմ երկրից, ընտանիքից եւ ընկերներից: Այնպես որ, ես միշտ փորձում եմ կիսվել իմ պատմությամբ երաժշտության միջոցով: Իմ գրած յուրաքանչյուր երգում ես իմ մի մասնիկն եմ թողնում»:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԻՄԻ ՄԵԴԱԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը այս տարիքային խմբում: Նույն քաշային կարգում հանդես եկող Կարեն Մարգարյանը փոխչեմպիոն է:

 

81 կգ քաշայինների պայքարում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցեց 330 կգ արդյունք: Պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 150 կգ, հրեց 180 կգ: Հարությունյանը նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները: Եվրոպայի Մ20 եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանը երկամարտի արծաթե մեդալը նվաճեց 323 կգ արդյունքով (145+172):

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: Մինչեւ 23 տարեկանների պայքարում երկամարտի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը 255 կգ (140+255) արդյունքով: Մինչեւ 20 տարեկանների պայքարում երկամարտի արծաթե մեդալակիրներ են  դարձել 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը (275 կգ, 123+152) եւ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը( 311 կգ, 140+171):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը (254 կգ, 110+144), 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը (216 կգ, 95+121), 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը (308 կգ, 136+172), 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (198 կգ, 86 +112 ) եւ Աբրահամ Մնացականյանը (313 կգ, 138+175)։

Հայաստանի հավաքականի կազմում Բուխարեստում մրցահարթակ դուրս կգան նաեւ մինչեւ 20 տարեկանների պայքարում Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գեւորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Աշոտ Մովսիսյանը (+109 կգ),  Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ),

Մինչեւ 23 տարեկանների պայքարում կլինեն Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը եւ Յաշա Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Մերի Թումասյանը եւ Լուիզա Սահրադյանը (երկուսն էլ՝ +87 կգ):

 

 

 

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Նա վաստակել է 13,666 միավոր: Փառատոնն ընթանում է Սլովենիայի Մարիբոր քաղաքում։

 

 

 

 

ՊԱՐՏՎԵՑ ԼԵՀԵՐԻՆ

Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության 6-րդ տուրում մրցեցին առաջատարներ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները։ 2,5:1,5 հաշվով առավելության հասան լեհ շախմատիստները։ Հայաստանի հավաքականից ոչ-ոքի խաղացին Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը եւ Արսեն Դավթյանը։ Պարտություն կրեց երրորդ համար Էրիկ Չաքրյանը։ Լեհաստանի թիմը 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի թիմն ունի 8 միավոր եւ երրորդն է։ Երկրորդը Իսրայելի առաջին թիմն է՝ 9 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Հայաստանի թիմը կմրցի ռումինացիների հետ։

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտնել է թիմային ձեւաչափով Global Boxing Cup եւ IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին:

Մրցաշարերը կկայանան 2024 թվականին եւ կունենան խոշոր մրցանակային ֆոնդեր: Չեմպիոնների Լիգան կտեւի 10 ամիս, եզրափակիչը նախատեսված է անցկացնել նոյեմբերին։ Մրցաշարին մասնակցելու իրավունք կունենան որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացրած մարզիկները: Մրցաշարերին կմասնակցեն նաեւ կանայք: Մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կունենան ակումբներ բոլոր 5 մայրցամաքներից, Չեմպիոնների Լիգան բաղկացած կլինի 32 թիմերից: Մրցաշարերի նպատակն է բարձրակարգ բռնցքամարտիկներին ավելի շատ ելույթներ ունենալու հնարավորություն տալ ու մարզաձեւը զարգացնել նաեւ ակումբային մակարդակում:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ

Ալեքսանդր Կովալենկոն ասել է, թե ինչու է նախընտրել տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։

«Ինձ հետ քննարկվել են «Զենիթի» եւ «Լոկոմոտիվի» տարբերակները։ Մենք հասկացանք, որ «Զենիթի» հիմնական կազմում հայտնվելու հնարավորությունն ավելի մեծ է։ Սա կարեւոր պատճառներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, ես պատրաստ եմ մրցակցության»,- ասել է Կովալենկոն Championat-ի հետ զրույցում։

2022/2023 մրցաշրջանում Կովալենկոն «Կռիլյա Սովետովում» անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը «Արարատ 73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։

 

 




Լրահոս