«Մեր գումարը փոխանցել են ուրիշ մարդու, որը մեզ հետ կապ չունի». ինչ խնդիր կա գրադարանի աշխատակիցների և ԴԱՀԿ-ի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը ահազանգ ստացավ, որ Մալաթիա-Սեբաստիա գրադարանային համալիրից մի խումբ աշխատակիցների հեռացնելուց հետո դատական գործ են հարուցել և պարտվել, որից հետո վճարել են հաղթող կողմին: Քաղաքացի Գայանե Ղալաչյանի խոսքով՝ վճարումը արվել է կանխիկ, իսկ հետո ԴԱՀԿ-ից ստացել են նամակ, ըստ որի պարտք  ունեն, այն ևս վճարել են, որից հետո իրենց հասանելի գումարը ԴԱՀԿ-ն  փոխանցել է իրենց հետ կապ չունեցող անձի, որը այդպես էլ չեն կարողացել հետ ստանալ.

«Մենք գրադարանի աշխատողերով մոտ երկու ամիս առաջ դատական հայց էինք ներկայացել, քանի որ մեզ բոլորիս մեկ օրվա ընթացքում հեռացրել էին աշխատանքից,  ինչպես նաև տնօրենի ամուսինը մեզ վիրավորել էր, որի համար ևս դատարան ենք դիմել: Երկու դատական գործերում էլ մենք  պարտվեցինք,  և դատարանը որոշեց, որ մենք պետք է 105.000 դրամ վճարենք դատը շահող փաստաբաններին:

Բայց հետո այդ փոխանցումները ուշացան, հաշվեհամարի խնդիր կար և այլն, մի օր էլ նամակ ստացանք, որ մենք ԴԱՀԿ-ում 105 000 դրամ պարտք ունենք: Մենք 11 աշխատակիցներով գնացինք ԴԱՀԿ, ու քանի որ օրենքը չգիտեինք, գումար մեզանից գանձեցին և կալանք դրեցին հաշիվներին:

Մենք վճարեցինք ամբողջ գումարը, գործը փակվեց,  ու արդեն մեկ ամիս ու կես է, մենք պարտք չունենք և դիմում գրեցինք, որ այն փողերը, որ փոխանցել ենք, ետ վերադարձնեն, բայց չեն վերադարձնում:

Հիմա իրենց զանգում ենք, չեն պատասխանում, պատասխանելուց էլ ասում են երկու օրից կփոխանցվի, բայց չեն փոխանցում: Վստահ եմ, չեն էլ փոխանցելու:

Հիմա մենք ԴԱՀԿ-ի դիմաց ենք, փորձում ենք կապվել պետի հետ, բայց չենք կարողանում, որևէ մեկը մեզ չի մոտենում:

Մեր երկրում ոչ մի բան էլ չի փոխվել, եթե իրենք ասում են հեղափոխություն է եղել, ինչ-որ բան է փոխվել, ոչ մի բան էլ չի փոխվել, ամեն ինչ ավելի վատ է դարձել:

Մեր փողերը փոխանցել են ուրիշ մարդու, ով մեզ հետ բացարձակ կապ չունի, ու ինքն էլ չի վերադարձնում: Մենք էլ իրենից ինչ գործ ունենք, որ ուզենք, մեզ ասում են ինքը հարկադիրում պարտք է ունեցել, իր պարտքն ենք փակել: Այսինքն ուրիշի պարտքը վճարել են մեր գումարով, ու չեն վերադարձնում»-նշեց քաղաքացին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից էլ պարզաբանում են. «Պարտապանների գումարները փոխանցված են, պարտապաններին այդ մասին ևս տեղեկացվել է»:




Լրահոս