Տարեդարձդ շնորհավո՛ր, Սպարապե՛տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սպարապես Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:

Մարդ, ով փայլուն քաղաքական և ռազմական գործիչ էր:

1999-ի հունիսի 11-ից եղել է ՀՀ վարչապետ, զբաղեցրել նաև պաշտպանության նախարարի պաշտոնը, գլխավորել «Միասնություն» դաշինքը, արժանացել ՀՀ Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումներին, եղել «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ և արձակագիր։

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։

1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

1979-83թթ. դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին` որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

1987թ. «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։

Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։

Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։

1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։

Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։

Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։

1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։

1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։

1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

1993թ.- ին հիմնադրել է «Երկրապահ Կամավորականների միությունը»՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։

1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։

1999-ից մտել է քաղաքական դաշտ` դառնալով «Հանրապետական»կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն»դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի»կոչման եւ «Հայրենիք»շքանշանի։

…Տարեդարձդ շոնրհավո՛ր, Սպարապե՛տ




Լրահոս