Այս պահին քննարկումներ են ընթանում ղեկավար կազմի և ազատամարտիկների միջև․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացվում մի խումբ ազատամարտիկների կողմից, որոնք հայտարարեցին, որ գիշերը՝ ժամը 22:30-ին, շարժվելու են Կոռնիձոր: Վերջիներս հայտարարել էին,  որ մինչև վերջ գնալու են։

«Մենք միանալու ենք աշխարհազորին: Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել»,- երեկ Կառավարության դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասել էր ազատամարտիկներից մեկը՝ նշելով, որ 22:30-ին կշարժվեն դեպի Կոռնիձոր»:

ArmLur.am-ը առավոտից փորձում է պարզել, թե ինչ իրավիճակ է Կոռնիձորում, քանի որ ազատամարտիկները ասել էին, որ իրենց դեմ փակող ոչինչ չպետք է լինի: Առավոտից փորձում ենք կապվել Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է:

ArmLur.am-ին Սյունիքի աղբյուրները փոխանցում են, որ ազատամարտիկները՝ մոտ 50 մարդկանցով, հասել են Կոռնիձոր, բայց դեռ որևէ կտրուկ գործողությունների չեն դիմել: Նրանց հետ կապ են հաստատել Սյունիքի մարզպետարանից և Կոռնիձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ փորձել են հասկանալ նրանց առաջիկա նպատակները:

Այս պահին դրությամբ, Սյունիքի ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ խաղաղ իրավիճակ է, բախումներ չեն եղել, և բանակցութուններ են ընթանում ազատամարտիկների և Սյունիքի մարզի ղեկավար կազմի ներկայացուցիչների միջև:

Թե ինչ զարգացումներ կլինեն, ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Մաշա Մելքոնյան

 




Լրահոս