Դեպի համալիր բարձրացող ճանապարհը քանդում են․ քաղաքացիներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում․ ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծիծեռնակաբերդի խճուղու քանդված-վերանորոգված հատվածից վերև ընկած ճանապարհահատվածում՝ դեպի համալիր բարձրացող ճանապարհին, տեղի են ունենում հերթական քանդումները, տեղը բանուկ չէ, մարդկանց աչքից վրիպում է, սակայն անհարմարություններ են առաջացնում քաղաքացիների մոտ»,- ահազանգում են քաղաքացիները:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն՝ ճշտելու, թե խոսքը ի՞նչի մասին է:

«Հավանաբար խոսքը խաչմերուկի մասին է՝ հիմնական ճանապարհից աջ թեքվող, որը տանում է մինչև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

Մեզ մոտ ո՛չ Շինարարության և բարեկարգման վարչությունը, ո՛չ Կոմունալ տնտեսության վարչությունն այս պահին ոչ մի ծրագիր չունի այդ հատվածի համար: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչության կողմից ուղարկվել են աշխատակիցներ ճանապարհի այդ հատված, սկսած Ձեր նշած հատվածից, մինչև Կիևյան փողոց, տեսնելու համար, թե միգուցե խոսքը գնում է  այլ հատվածի մասին, որտեղ տեղի է ունեցել քանդման աշխատանք: Այդ հատվածում նման որևէ խնդիր չի հայտնաբերվել: Մենք որևէ ծրագիր չենք իրականացնում այդ տարածքում»:

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի մայիսին Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էր։

Պարզվել էր, որ ճանապարհատվածից մոտ 22 քմ փլուզվել է, երեք արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ:

Ավելի ուշ, ճանապարհահատվածը վերականգնվեց և տրվեց շահագործման: Արդյունքում պարզվեց, որ վերանորոգման արդյունքում ճանապարհի մեկ շարքը բացակայում է, այլ կերպ ասած՝ երթևեկությունը շարունակվելու է «մեկ գծով»՝ անհարմարությունների պատճառ դառնալով:

Մարիամ Ղազարյան




Լրահոս