Քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակ, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր․ Նախարարի տեղակալն ընդունել է հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ինչպես հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերը, այնպես էլ նման ձևաչափով հանդիպումների պարբերականությունը:

Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախաստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց մտահոգություններով իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:

ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են` առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են տվյալ քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցչիներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը:




Լրահոս