«Համշեն տուրը»՝ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համշեն տուրը» ցավակցություն է հայտնել Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի առչնությամբ, որի հետեւանքով զոհվել են Արեւմտյան Հայաստանից վերադարձող 11 քաղաքացի։

«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում 11-13․08 Արևմտյան Հայաստան եռօրյա ուղևորությունից վերադարձող խմբին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի պատճառով մահացածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին։ Այս խորը ու անդառնալի ցավն ամբողջությամբ կիսում ենք բոլորիդ հետ։ Հասկանալով, թե ինչ ծանր ցավի ու ողբերգության հետ ենք դեմ հանդիման՝ գիտենք, որ բառերով բարդ է մխիթարել։

Չարաբաստիկ վթարի ժամանակ կորցրել ենք նաև Համշեն տուրի գիդերից մեր պայծառ ու շատ սիրված Մուշեղին և տարիներով մեզ հետ ճանապարհ կիսած, մեր շատ սիրելի ընկեր վարորդ Մառլենին։ Իրենց և մյուսների հիշատակը թող միշտ վառ մնա։ Բոլորին համբերություն և ուժ, որքան էլ անասելի բարդ է։

Վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։




Լրահոս