Это издевательство. իրարանցում՝ ՎՏԲ բանկի մոտ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ բանկից օգտվող քաղաքացիների համար, արդեն երկու օր է, ինչ  իսկական քաոս է: Բանկի բոլոր բանկոմատները չեն աշխատում, որի պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրենց գումարները ստանալ:

Armlur.am լրատվականի թղթակիցն այսօր Մյասնիկյանի մասնաճյուղում ականատես եղավ  քաղաքացիների դժգոհությանը: «Մեր փողերը հանենք, տանենք ուրիշ տեղ պահեք, это издевательство, ինչքա՞ն պետք է սպասենք,»- վրդովված ասում էին քաղաքացիները բանկից դուրս գալիս:

Բանկի աշխատակիցներն առաջարկել են  քաղաքացիներին իրենց գումարը ստանալ բանկից անձնագրով, սակայն ոմանց մոտ անձնագիր չի եղել, իսկ ոմանց նյարդերն էլ չէր հերիքի այդքան շատ սպասելու համար:  Իսկ թե որն է բանկոմատների անսարքության պատճառը,  բանկի աշխատակիցները քաղաքացիներին ասել են, որ  խնդիրը միմիայն ծրագրային է:

Ի դեպ, թոշակառուներից մեկի խոսքով` առաջին անգամ չէ, որ  այս բանկի պատճառով խնդիր  է ունենում. «Առաջին դեպքը չէ, որ  բանկոմատները չեն աշխատում, մի անգամ էլ  է նման դեպք եղել:  Իսկ մի ուրիշ անգամ բանկոմատը քարտս կուլ տվեց»:

Armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց բանկոմատների չաշխատելու պատճառը պարզել նաև բանկից: Մեզ տեղեկացրին, որ սույն թվականի մարտի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ, որի հետևանքով բանկոմատները չեն աշխատել, և քաղաքացիները չեն կարողացել ստանալ իրենց թոշակները բանկոմատներից և կատարել քարտային հաշիվներից այլ գործարքներ: Սակայն նրանք կարող են սպասարկվել բանկի 65 մասնաճյուղերում (բացի «Մոսկվա» և «Փրայմ» մասնաճյուղերից): Ընթանում են վերականգնման աշխատանքներ, և պրոցեսինգային կենտրոնի աշխատանքը կվերականգնվի այսօր`օրվա ընթացքում:

Նշենք, սակայն, որ ժամը 15:30-ի դրությամբ ոչ մի  բանկոմատ, սակայն, վերականգնված չէր, ավելին` ՎՏԲ բանկի բոլոր  բանկոմատները  չեն աշխատում:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե բանկը  չի ունեցել բավարար ֆինանսական միջոցներ՝ մարդկանց գումարները վճարելու համար, բանկը հերքեց այդ խոսակցությունը` պարզաբանելով, որ ֆինանսական միջոցներ բանկում առկա են: Ըստ գործող կառավարության` կենսաթոշակ վճարելու կարգի մասին որոշման՝ կառավարության կողմից գումարները փոխանցելու օրը բանկը կատարում է գումարի հաշվեգրում, իսկ հաջորդ օրը` կենսաթոշակների վճարում:  Կառավարության կողմից գումարի փոխանցումը կատարվել է երեկ` մարտի 4-ին, իսկ այսօր արդեն բանկը սկսել է կենսաթոշակային վճարումները մասնաճյուղերի միջոցով: Այսինքն՝ որևէ խախտում չի եղել, պարզապես բանկը նախկինում վճարումները սկսում էր կատարել որոշման մեջ նշված ժամկետից մեկ օր շուտ, իսկ այժմ տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել այդ անել:

Տեսանյութը՝ ստորև.

 




Լրահոս