ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵ՞Լ Է ԿԽՄԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը,  տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաեւ այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առեւանգելու համար։

 

Այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի  տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե,  ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարեւոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, եւ կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման եւ փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները: Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը  հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության եւ, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա եւ հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե գնացել է իրավական գործընթացներում  համագործակցելու ճանապարհով, այլ, նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որեւէ ինֆորմացիա չի տրամադրել Կարմիր խաչին եւ  Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով  արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեությամբ բերել է Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալել է: Ըստ Սահակյանի՝ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն  չի տրամադրել Կարմիր խաչին եւ Կարմիր խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: Սահակյանը կարծում է՝ Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչեւ բարձր օղակներ, այսինքն՝ միջադեպի վաղ փուլից այդ հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: «Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ համալիր բոլոր գործողությունները, որպեսզի միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո միջադեպը կանխվեր: Եթե նույնիսկ այդ պահին բացահայտ կամայական են գործել Ադրբեջանի իշխանությունները նաեւ Կարմիր խաչի  մանդատի նկատմամբ, Կարմիր խաչը պարտավոր էր ոչ թե փաստերի շուրջ մեկնաբանություն տալ, այլ արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների ու Կարմիր խաչի օգտագործման ռիսկերի, վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր խաչի մանդատին եւ ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու  իրենց գործունեության խոչընդոտները»,-վստահեցրեց նա:

Սիրանուշ Սահակյանը ենթադրում է՝ Կարմիր խաչն անընդհատ վախեցած է ադրբեջանական արձագանքներից, եւ Ադրբեջանը տակտիկական նկատառումներով ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ  առհասարակ անհնար կդարձնի Կարմիր խաչի գործունեությունն  Ադրբեջանում, եւ նրանք գերզգուշավոր  դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում, ինչը, գուցե, արդարացված էր ավելի վաղ փուլում: «Ներկայումս տեսնում ենք, որ Կարմիր խաչը զրկված է խնդիրը լուծելու հնարավորությունից:  Կառույցի մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է. Կարմիր խաչը զրկված է սնունդ  մատակարարելուց, ինչի պատճառով մարդիկ սովամահ են լինում, թերսնուցումը մեծ առողջական խնդիրներ է առաջ բերում ու կյանքի անմիջական սպառնալիք դառնում արցախահայության համար»,-շեշտեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Ըստ Սահակյանի՝ Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հեռահար նպատակ է հետապնդում. բացի այն, որ անմեղ քաղաքացիների իրավունքներն ու շահերն է այս պահին անմիջականորեն շոշափում, այլեւ գործողություն է, որը հնազանդության կոչ է Արցախի իշխանություններին: «Շրջափակման պայմաններում մենք հասկանում ենք, որ եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն իրագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց այդ հանցագործության կատարմանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ուղի ապահովելու ճանապարհով ապահովել որոշ անձանց կյանքը, այսինքն՝ հարկադիր իրենց բնակավայրը լքելու, ինքնությունը փոխելու ճանապարհով արցախցիների մի մասն առնվազն կարող էր Հայաստան տեղափոխվելու ճանապարհով  իր հետագա կյանքը կառուցել Հայաստանում կամ աշխարհի այլ հատվածքում: Միջանցքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ մարդասիրական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները դարձել են անզոր: Ադրբեջանն այդ միջանցքով անցնելու ընթացքում կարող է ձերբակալել եւ կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում՝ այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ:

 

 

 

 

ՀԱՊԿ-Ը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը. կազմակերպությունը սպասում է Երեւանի արձագանքին: Այս մասին «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։

«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», – հավելել է պաշտոնյան։

Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։

 

 

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն: Բացմանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ղեկավարի տեղակալ Յան Պլեշինդերը:

Ըստ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի՝ Կապանից հետո մտադիր են բացել կենտրոններ Իջեւանում եւ Եղեգնաձորում:

«Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարեւոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում եւ Կապանում անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր»,-ասել է Ռիտերը։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռների խոչընդոտներին։

«Չնայած հումանիտար բեռների տեղափոխումը հայկական կողմից համաձայնեցված չի եղել Ադրբեջանի հետ, ռուս խաղաղապահները ակտիվորեն ներգրավվել են՝ երկու կողմի միջեւ կոնտակտ կայացնելու եւ հարցի լուծման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, որ այս թեմայի շրջանակում խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անարդյունավետ են։

«Կոնտակտները կայացած են, եւ կարծում եմ, որ իրենց արդյունքը կտան», – ասել է նա։ Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ 400 տոննա հումանիտար բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են Արցախ մուտքի թույլտվությանը:

 

 

 

ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո  Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առեւանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, որ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որեւէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների եւ չափանիշների խախտմամբ։

Համապատասխան նամակներ են ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ։

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաեւ առեւանգված  քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։

Պաշտպանը նշում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի, վերջինիս առեւանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի եւ դատապարտելի է։ Պաշտպանն  ընդգծում է, որ այս երեւույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության եւս մեկ ապացույց է։

 




Լրահոս