ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը նոր գրոհ է սկսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ. ի՞նչ է սպասվում սրբազանին:

 

Պարզվում է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի խնամիները պատերազմ են հայտարարել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Իսկ ի՞նչ է մտածում այս ամենի շուրջ սրբազանը: Վերջինս  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ուխտի է ու չի կարող խոսել՝ հորդորելով դիմել փաստաբանին:

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ամենայն հավանականությամբ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի հարցով դիմում կներկայացնի դատարան: Մեզ հետ զրույցում սրբազանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ դատախազությունը Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի մասով հայցադիմում է ներկայացրել դատարան:

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Սա էլ դեռ քիչ չէ, հիմա էլ շուրջ 2 տարի առաջվա քրեական գործն է դատախազությունը վերաբացել: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փողերի լվացման համար մեղադրվող Ս. Կ.-ն (խոսքը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, -խմբ.) կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։

«ՀՀ քաղաքացի Ս. Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը եւ նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Ա. Ս.-ին (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է -խմբ.)՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ բանկերից մեկի միջեւ կնքված պայմանագրով Ա. Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար եւ 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:

Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ա. Ս.-ն կատարել է մի շարք բանկային եւ առեւտրային գործարքներ, մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն եւ Ս. Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար: Պարզվում է, որ գործը վերաբացվել է՝ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա, իսկ  գործարարն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ հարազատն է: Ի՞նչ է պարզաբանում փաստաբան Արմինե Ֆանյանը, ի՞նչ է սպասվում Կճոյանին։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը  2022 թվականի հունվարի 13-ին վերցրել է պատգամավորական մանդատը։ Նախկինում Երեւանի ավագանու անդամը 2022 թավականի հայտարարատու տարում որեւէ սեփական անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է բնակարան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանում, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։

Կիրակոսյանը տարեսկզբին հայտարարագրել է մեկ մեքենա՝ 2009 թվականի արտադրության, NISSAN մակնիշի, որը ձեռք է բերվել 2020 թվականին։ Տարվա ընթացքում մեքենան օտարվել է Սամվել Տոնոյանին 2 մլն 500 հազար դրամով։ Տարվա ընթացքում Կիրակոսյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի, 2016 թվականի արտադրության մեքենա, որի արժեքը կազմել է 3 մլն 400 հազար դրամ։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  420 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1200 դոլար եւ 4 մլն 700 հազար դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 12 մլն 136 հազար դրամ, որից 7 մլն 476 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից, 90 հազար դրամը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող  միանվագ   3 մլն 400 հազար դրամ ծախսեր է հայտարարագրել Կիրակոսյանը: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 175 հազար դրամ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

Հուլիս ամսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետեւյալ սննդամթերքը՝

Հնդկաստանից գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,

Դանիայից թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,

Ուկրաինայից թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով,

Բրազիլիայից խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ ցուցանիշով, իսկ 25492,43 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

Նախկինում  գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, նրա որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը հուլիսի 27-ին մարզպետարանում ընդունել է 4 քաղաքացիների։ Ի սկզբանե մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ընդունելության եկած քաղաքացիների թիվը նշված էր 4։ Ֆեյսբուքյան գրառումով զարմանք հայտնեցի, որ սահմանամերձ, հոգսաշատ, շուրջ 120 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզից իրեն հուզող հարցի լուծման համար մարզպետ Ղալումյանի հետ հույս է կապել ընդամենը 4 քաղաքացի։ Դրանից հետո մարզպետարանը սրբագրեց իր տեղեկատվությունը, մարզպետի մոտ ընդունելության եկածների թիվը սարքեց 6։

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ  Տավուշի սահմանագոտում դասակ է ղեկավարել, նրա երկու որդիներից Նարեկը կամավոր կերպով մեկնել է Արցախի առաջնագիծ, մարտնչել։ Նվեր Բեգլարյանը այս տարվա ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 13-ը մասնակցել է ռազմական վարժական հավաքի։ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը Նվեր Բեգլարյանին աշխատավարձ չի վճարել ռազմական վարժական հավաքին մասնակցելու համար՝ հղում անելով օրենքի այն կետին, որ ռազմական վարժական հավաքի մասնակցին աշխատավարձը վճարվում է գործատունի հայեցողությամբ։ Հետո օրենքում փոփոխություն է եղել, այժմ ռազմական վարժական հավաքի մասնակցին գործատուի կողմից աշխատավարձ վճարելը պարտադիր է։ Ռազմական վարժական հավաքների մասնակիցներին հայտնել են, որ նրանք այդ հավաքն անցկացնելու են Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում, սակայն նրանք հավաքն անցկացրել են Արմավիրի զորավարժարանի տարածքում։ Այնտեղ առկա կենցաղային վատ պայմանների պատճառով Նվեր Բեգլարյանը հիվանդացել է, նրա ընտանիքը 100 հազար դրամ է  ծախսել Նվեր Բեգլարյանի «ՄՌՏ» բժշկական հետազոտության համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նրան չի փոխհատուցել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ նա բժշկական հետազոտություն է անցել վարժական հավաքին մասնակցելուց  հետո։ Հունիսի 12-ին Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ Նվեր Բեգլարյանը  իր խնդիրները ներկայացրել է ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս խոստացել է դրանք լուծել, սակայն այդպես էլ չի լուծել։ Ն. Բեգլարյանը նամակով դիմել է Է. Ասրյանին, նրանից ստացված պատասխանը մերժողական է։ Ն. Բեգլարյանը այդ խնդիրները հուլիսի 27-ին ներկայացրել է օրերս աշխատանքային այցով Ոսկեպար այցելած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին. վերջինս գրառել է  խնդիրները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս