Պարեկային ծառայությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել։
Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ահազանգի հետքերով մեկնել են Տիտոգրադյան փողոց: Շենքերից մեկի հետնամասում նկատել են երեք երիտասարդի, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով՝ փորձել է նետել պայուսակն ու աննկատ հեռանալ:
Պարեկները, վիճաբանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել երիտասարդներին: Բաժնում նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը, ժամը 00.45-ին, ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Աճառյան 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել 31-ամյա և 34-ամյա երկու երիտասարդի:
31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և կռփազենք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: