ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Նեպտուն» մարզահամալիրի մոտ 18-ամյա երիտասարդի սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 18-ամյա Դ. Թամարյանի սպանության համար մեղադրվում է 26-ամյա Հայկ Մելտոնյանը, որն արդեն 2 ամիս է՝ կալանքի տակ է։

 

Բանն այն է, որ դեռեւս 2016թ. Թամարյանի հայրը չնչին կենցաղային հարցով վիճաբանել է Մելտոնյանների հետ, որից հետո բարեկամների հետ հարձակվել եւ սպանել են Հայկ Մելտոնյանի 25-ամյա եղբորը՝ Անդրանիկ Մելտոնյանին։ Այս քրեական գործը Վրաստանի իրավապահների կողմից կոծկվել է, սպանության հատկանիշներից հանել են խմբի մասը, սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամարյանի հորը՝ Անդրանիկ Թամարյանին էլ ընդամենը 7 տարվա ազատազրկման են դատապարտել։

Ուշագրավ է, որ 7 տարվա ազատազրկման են դատապարտել նաեւ պաշտպանվողին, որը սպանության փորձի համար է մեղադրվում, այսինքն՝ նրա կրակոցից ոչ մեկ չի մահացել, վիրավորվել է։

Այս դեպքից հետո երկու ընտանիքների միջեւ կոնֆլիկտը ավելի է սրվել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պատմեց քրեական գործով ի հայտ եկած ուշագրավ հանգամանքներ։ Մասնավորապես, կրտսեր Մելտոնյանի սպանությունից հետո Թամարյանները սկսում են իրենց վատ պահել, գալիս են զոհվածի գերեզմանի մոտ, տեսնելով ողբացող ընտանիքի մորը՝ դիտմամբ բարձր երաժշտություն են միացնում, ծիծաղում, սելֆիներ անում գերեզմանի ֆոնին եւ տարածում սոցիալական ցանցում, հայտարարում, թե «էլի ենք սպանելու, մի՛ բողոքեք, թե չէ էլի ենք խփելու, մենք հզոր ենք, վՈր վպ տՏոպՊՌՑՖ, հայրս շուտով դուրս է գալու…»։ Վրաստանում Մելտոնյաները պայքար են սկսում արդարության հասնելու համար, հորեղբայրը հացադուլ է հայտարարում, հանդիպում դատախազի հետ, արդյունքում գործը վերաբացվում է, եւ իրավապահ համակարգի աշխատակիցներ են կալանավորվում կոռուպցիայի համար։

Այժմ էլ այդ գործի շրջանակներում կալանավորված է Դավիթ Թամարյանի հայրը՝ Անդրանիկ Թամարյանը, վարորդը, իսկ պապը հետախուզման մեջ է։ Եղբոր մահվանից հետո Հայկը հոգեբանական ծանր, սթրեսային վիճակում է հայտնվում, ինքնամեկուսանում, հանգստացնող դեղորայք օգտագործում, հոգեբանի այցելում։ Մորից իմանալով Դավիթ Թամարյանի այս արարքների մասին՝ որոշում է նրան հանդիպել, պաշտպանության նպատակով հետը նաեւ իր զենքն է վերցնում։ Հասնելով Թամարյանի բնակության վայր՝ Հայկի վիճակը վատանում է, սկսում է դողալ, սիրտը սկսում է արագ աշխատել, որոշում է վերադառնալ, երբ հանկարծ նկատում է Դավիթին, աչքերի առաջ հայտնվում է եղբայրը, որը մահացել է հենց իր ձեռքերի մեջ՝ չկարողանալով արտաբերել անգամ վերջին խոսքերը։ Իր ցուցմունքներում Հայկը պատմել է, որ չի գիտակցել՝ ինչ է արել, գիտակցությունը մթագնել է, եւ սթափվել է՝ տեսնելով արյուն, Դավիթին՝ գետնին ընկած, ու սկսել է վազել՝ նստելով պատահական մի տաքսի եւ ուղիղ գնալով ոստիկանություն՝ հանձնվելու։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին է ներկայացել Հ.Մ.-ն եւ հայտնել, որ 23:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել եւ սպանել է Դ. Թամարյանին:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կարճաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի եւ հաշվապահի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

 

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված եւ մեկ վարույթում միացված քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը, 2016-2019 թվականների ընթացքում պարտավոր լինելով ստուգել հաշվապահի կողմից աշխատավարձերի բաշխման վերաբերյալ կազմված փաստաթղթերի իսկությունը եւ համապատասխանելիությունը, դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

Մասնավորպես, տնօրենը, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու եւ դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։

Արդյունքում հաշվապահն աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերում ներառել է դպրոցի աշխատակից չհանդիսացող, Երեւան քաղաքի բնակիչ 2 անձանց տվյալները, նրանց անվամբ ելքագրել 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱ կազմակերպությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Դպրոցին պատճառված վնասից 1մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Դպրոցի հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրիք 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վերջինիս գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Ադրբեջանի կողմից առեւանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է  նրա  նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով։

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելուց հետո հետազոտել եւ առաջին հերթին տեղափոխել են բուժհաստատություն։

Բուժօգնությունից հետո նրան տրամադրել են փաստաբան եւ թարգմանիչ։

Սաֆարովը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա հարցաքննվել է։

Իլգար Սաֆարովը նաեւ հայտնել է, որ այս պահին Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում են քննչական այլ գործողություններ։

Ադրբեջանը հուլիսի 29-ին առեւանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ վաթսունութամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

 

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ  ԿԱՍԵՑՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Արմավիրի բանտում ուշագրավ իրավիճակ է: Մեզ ահազանգած կալանավորները հայտնեցին, որ ժամը 12։00-ին պետք է հաց տային կալանավորներին, սակայն գործընթացը կանգնեցրել են: Ավելին՝ կալանավորների հարազատները հանձնունքներ են բերել, որ փոխանցեն իրենց մտերիմներն. այդ գործընթացը եւս կասեցված է:

«Ժողովուրդ» օրաթերթին կալանավորները հայտնեցին, որ հատուկ նշանակության զորքերը՝ բոլորին հայտնի «Սպեցնազը», այս պահին Արմավիրի բանտի մոտ է, ու կալանավորները տեղյակ չեն, թե ինչու են նրանք եկել քրեակատարողական հիմնարկ:

 

 




Լրահոս