ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ թատրոնի եւ կինոյի դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը երեկ մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

 

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ ներկայացվել էր Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել են նաեւ ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը  կապ հաստատեց դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք նա մտադիր է մուտք գործել քաղաքականություն, հնարավոր է ՔՊ-ի ցուցակով մասնակցի ավագանու ընտրություններին:

-Տիկի՛ն Հովակիմյան, երեկ նկատեցինք, որ մասնակցում եք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որի ժամանակ քննարկվել են ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցեր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ որոշել եք մուտք գործել քաղաքականություն եւ ՔՊ-ի ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին։ 

-Հրավեր ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից լինել ավագանու անդամ եւ զբաղվել մշակութային ոլորտով: Գիտեք, որ ամեն ավագանի նաեւ ունի իր ֆունկցիան, այդ թվում՝ մշակութային: Այս ամենը քաղաքականացնելը, առավել եւս՝ ավագանու դեպքում, եւ այն որակել քաղաքականություն մտնել ինձ համար շատ ամպագոռգոռ է, առավել եւս, որ ես որեւէ նկրտում չունեմ քաղաքականությամբ զբաղվելու: Ինձ հետաքրքիր է զբաղվել երկրի խնդիրներով, որոնք իմ կոմպետենտության սահմաններում են, այս դեպքում՝ մշակույթը: Կան թատրոններ եւ մշակութային կառույցներ, որոնք քաղաքապետարանի ենթակայության տակ են: Կարծում եմ, որ ես կոմպետենտ եմ դրանց խնդիրներով զբաղվելու եւ լուծում տալու համար: Ընդունել եմ հրավերը եւ մասնակցելու եմ ավագանու գալիք ընտրություններին: Ինձ հետաքրքրում է դա, իհարկե, եթե Երեւանում լինեն այլ խնդիրներ, որոնք աչք կծակեն, դրանց մասին ես կտեղեկացնեմ, բայց ինձ առավել հետաքրքիր է այն ոլորտը, որում ես կամ:

-Դուք պատերազմից հետո ֆեյսբուքյան գրառումներով քննադատում էիք իշխող ուժի վարած քաղաքականությունը: Հիմա այլեւս հակասություններ չկա՞ն։

-Ես կարծում եմ՝ լավագույնն ադեկվատ իշխանությունն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, որը կբարձրաձայնի խնդիրների մասին, իշխանությունը կարողանա դա ընդունել: Կարծում եմ՝ եթե ես երբեւէ քննադատել եմ իշխանության արած որեւէ քայլ, ապա դա հենց խոսում է այն մասին, որ դրան նրանք նորմալ են վերաբերվում: Ես սուր քննադատական գրառում չեմ հիշում, բայց հիշում եմ, որ պարբերաբար բարձրաձայնել եմ խնդիրների մասին: Դրանք ավելի շատ վերլուծական գրառումներ են, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի, ամեն դեպքում, չեմ հիշում սուր քննադատական գրառում, իսկ վերլուծություններ միշտ եղել եւ լինելու են իմ կողմից:

Ես ուրախ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նորմալ են մոտենում քննադատություններին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿՎԵՐՑՆԻ՞ ՄԱՆԴԱՏԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից  կլինի պատգամավոր, որը մանդատը վայր կդնի: Ըստ կանոնակարգի՝ հնարավոր է՝ նրան փոխարինի դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը, որը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ է: «Ժողովուրդ» օրաթերթը Թեհմինա Վարդանյանից հետաքրքրվեց՝ եթե պահը գա, կվերցնի արդյոք պատգամավորական մանդատը.

«Նման տեղեկություններ չունեմ: Ես բազմաթիվ անգամներ եմ մտածել այդ մասին, այսինքն՝ եթե ցուցակի հերթական համարը հասնի ինձ, ես վերցնելո՞ւ եմ մանդատը, թե՞ ոչ: Ես բավականին ինքնաբավ եմ, աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղ ինձ հոգեպես հանգիստ է, ինձ տարբեր ուղղությունների զոմբիներ չեն հայհոյում, ինչպես քաղաքական դաշտում են անում, բայց ինձ ընտանիքիս անդամներն ու ընկերներս խորհուրդ են տալիս՝ չթողնել այս ամենը: Մանդատը վերցնելու մասով իրարամերժ զգացումներ ունեմ, փորձում եմ այդ մասին չմտածել մինչեւ այդ պահը, որովհետեւ ընթացքում լինելու է ժամանակ՝ որոշելու մանդատը վերցնել, թե չվերցնել. այդ պահին կմտածեմ, կքննարկեմ ընտանիքիս հետ, ընկերներիս հետ եւ նոր կորոշեմ: Որեւէ քաղաքական անձի հետ ես քննարկելու բան չունեմ՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն»,-ասաց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՊ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ

Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առեւանգվելուց հետո ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Ծովինար Խաչատրյանը:

«Ամեն օր մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երեւանի՝ որեւէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ անարդյունք»,-մանրամասնել է Ծովինար Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել եւ տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:

Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի եւ մեկ անգամ եւս հորդորում է միջազգային կառույցներին արձագանքել իրենց խնդրանքներին եւ հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու։

Ի դեպ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Սաբինա Ալիեւան անձամբ հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանը, իբր, «երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը վերաբերմունքի, պահման պայմանների եւ ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար»: Այնինչ, փաստորեն, ընտանիքն ընդհանրապես կապ չի ունեցել Խաչատրյանի հետ, ում նույնիսկ Կարմիր խաչը չի կարողացել այցելել հուլիսի 29-ից հետո:

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Օգոստոսի 3-ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին:

Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ դեռ որեւէ կուսակցություն չի ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ ինչ որոշում ունի խմբակցությունը՝ ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: «Այդ հարցը դեռ չենք քննարկել, որոշում չունենք. հենց լինի, հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց նա:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:

 




Լրահոս