Ո՞ՒՄՆ Է ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը շարունակում է պնդել, որ ինքը որեւէ կապ չունի Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտակայքում տեղադրված հսկա ատրակցիոնի հետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Երեւանի կենտրոնում՝ Օպերայի եւ բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, եւ, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ատրակցիոնի իրական «տերը» Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է:

Վերջինս, հիշեցնենք, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, ընդգրկված է եղել ՔՊ-ի ավագանու ցուցակում, բայց պատերազմից հետո՝ 2020թ.-ին, նա լքել է կուսակցությունը. հիմա ավագանու անկախ անդամ է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերգեյ Գյոզալյանը նշեց, որ թեեւ զբաղվում է ատրակցիոնների բիզնեսով, բայց կոնկրետ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղադրված ատրակցիոնի հետ կապ չունի, իսկ թե որտեղ են տեղադրված իրեն պատկանող ատրակցիոնները, Սերգեյ Գյոզալյանն այդպես էլ չցանկացավ բացահայտել:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել Սերգեյ Գյոզալյանին:

-Պարո՛ն Գյոզալյան, ինչո՞ւ պատերազմից հետո լքեցիք կուսակցությունը: Պատերա՞զմն է եղել պատճառը, թե՞ այլ տարաձայնություններ ունեիք թիմակիցների հետ:

-Պարզապես չեմ ցանկացել ինձ վրա պատասխանատվություն վերցնել այն քաղաքական որոշումների եւ գործունեության համար, որոնց հետ ես համաձայն չեմ: Կարծում եմ՝ սխալ կլիներ, որ ես մնայի կուսակցության անդամ եւ չկիսեի նրանց ընդունած որոշումների հետեւանքները: Եթե ես դեմ եմ նրանց տեսակետներին, ո՞նց կարող էի մնալ թիմում: Դեռ պանդեմիայից հետո, երբ տեսնում էի անհամաձայնեցված հայտարարություններ, տրամաբանությունից դուրս որոշումներ, ես այդ ժամանակ արդեն որոշել էի դուրս գալ թիմից, բայց պատերազմից հետո արդեն վերջնական դիմում եմ գրել: Երբ ավագանիում մանդատ վերցնելու հերթս հասավ, ես որոշեցի, որ մանդատը պահեմ, բայց կուսակցությունից դուրս գամ, քանի որ կարծում եմ՝ իմ փորձով կարող եմ օգուտ տալ Երեւանին:

-Դուք 2020թ.-ից քաղաքապետարանում եք. այս երեք տարվա ընթացքում կնշե՞ք փոփոխություններ, որոնք Երեւանը ավելի հարմարավետ եւ գրավիչ են դարձրել զբոսաշրջիկների համար:

-Ոտքի վրա չեմ կարող հիշել, միանգամից դժվարանում եմ ասել, այսպես համպատրաստից չեմ կարող պատասխանել:

-Երեւանում այս պահին ամենաառաջնահերթ խնդիրներից են շինաղբը, օդի փոշին, աղտոտվածությունը: Ինչո՞ւ, որպես ավագանու անդամ, չեք բարձրաձայնում այս խնդիրները, պարտադրում, որպեսզի շուտ լուծվեն:

-Ես միակ մարդն եմ, որ բարձրաձայնել եմ այդ խնդիրների մասին, վերջին անգամ ավագանու նախավերջին նիստին եմ բարձրաձայնել, որ քաղաքը պատրաստ չէ այս ծավալի շինարարություններին տեխնիկական առումով, այսինքն՝ չունեն բավարար տեխնիկական միջոցներ, որպեսզի չափեն օդի աղտոտվածության աստիճանը, ոչ էլ համապատասխան մարմինները կարող են վերահսկողություն կատարել, օրենսդրական կարգավորումները եւս թույլ են, մարդկային ռեսուրս էլ չունենք: Երեւանն այս մակարդակի փոշու մեջ կորած երբեք չի եղել, սա անհետեւանք չի մնում, այդ փոշին մենք ենք շնչում, մեր թոքերի մեջ է մտնում այդ վնասակար նյութը. հիմա որ սրտանոթային ու ալերգիկ հիվանդություննների այսչափ աճ ունենք, դրա հետեւանքն է:

-Ասում եք, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, իսկ ինչու՞ դրանք այդպես էլ լուծում չեն ստանում, հակառակը՝ ավելի են խորանում:

-Վերջին նիստի ժամանակ ավագանին նախագիծ ընդունեց, որ հսկողություն պետք է իրականացվի, թեեւ շատ թույլ որոշում էր, բայց էլի ինչ-որ լուծում էր, քանի որ անտեսել այս խնդիրն այլեւս անհնար է: Երբ դու վերահսկողության մեխանիզմներ չունես ու այս ծավալի շինթույլտվություններ ես տալիս՝ չմտածելով մարդկանց առողջության մասին, սա խոսում է արդեն մարդկանց անպատասխանատվության մասին: Շինարարություննների ժամանակ ոչ մի նորմ չի պահպանվում. օրինակ՝ շինարարության ժամանակ կողքի շենքի բնակիչները փոշուց պետք է պաշտպանվեն, աղմուկից պետք է պաշտպանվեն, էլի լիքը նորմեր կան, որ պետք է պահպանվեն ու չեն պահպանվում, որեւէ մեխանիզմ չկա, որ հսկվի այս ամենը:

-«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտակայքում տեղադրված հսկա խաղային, կարմիր ատրակցիոնը Ձեզ է պատկանում: Թեեւ պնդում եք, որ հիմա այն Ձեզ չի պատկանում, բայց մենք ունենք փաստեր, որ դա նախկինում Ձեզ է պատկանել, սակայն, երբ որոշել եք դուրս գալ կուսակցությունից, հետ են վերցրել Ձեզանից ատրակցիոնը:

-Օպերայում գործող ապարատի հետ երբեւէ առնչություն չունեմ, նախկինում էլ չեմ ունեցել: Ես բոքսի ապարատի հետ կապ չեմ ունեցել. եթե որեւէ կապ ունենայի, առանց ամաչելու կասեի: Ես այսօրվա դրությամբ ավագանու միակ անդամն եմ, որ ընդդիմանում եմ իշխող քաղաքական ուժին. եթե անօրինական բան արած լինեի, կարգելեին, չէին թողնի: Ես, անկեղծ ասեմ, որ ունեմ նման բիզնես, բայց Օպերայի մոտակայքում տեղադրվածը իմը չէ:

-Իսկ Ձեզ պատկանող ատրակցիոնները որտե՞ղ են տեղադրված:

-Որտեղ որ գտնվում է, ենթադրենք՝ Հայաստանի մարզերից մեկում կամ Երեւանի բակերից մեկում, բայց շեշտում եմ, որ կոնկրետ Օպերայի բակում ես ոչ մի բիզնես չեմ ծավալում, այդ ապարատի հետ որեւէ առնչություն չունեմ եւ չեմ ունեցել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ

«Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի եւ Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ ուժային կառույցների՝ որպես պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար»,- Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը կոչով է հանդես եկել:

 

«Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտները»:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու եւ ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին:

«Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային եւ իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարեւորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին՝ հավատարիմ եւ հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարեւորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու եւ այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ: Որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլեւ հանրության խնդիրները ներկայացնող եւ լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի եւ պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը եւ այն ներկայացնելու թե՛ ԱՀ նախագահին, թե՛ պատկան մարմիններին:

Համոզվա՛ծ եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն եւ զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

 

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ՝ ԱՌԱՆՑ ՇՏԱԲԻ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է պարզել, թե ՔՊ-ականները ինչ ձեւաչափով են սկսելու իրենց քարոզարշավը, ու ովքեր են լիենլու քարոզարշավն իրականացնողները: ՔՊ-ական մեր աղբյուրները հայտարարում են, թե որեւէ տեղեկություն չունեն ու սպասում են ՔՊ շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի որոշմանը: Ըստ մեր աղբյուրների՝ Փամբուխչյանն էլ կարծես «անհետ» կորած լինի, ու ոչ ոքի չի հաջողվում հասկանալ իրենց առաջիկա անելիքները:

«Ժողովուրդ» օրաթերթը եղավ Հյուսիսային պողոտայի ՔՊ գլխավոր շտաբում՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացնում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված: Սակայն, արի ու տես, շտաբը փակ է, կարելի է ասել՝ դեռեւս վերանորոգման աշխատանքներ են կատարվում ներսում: Ու թե ինչպես են ՔՊ-ականներն այդտեղ նախընտրական աշխատանքներ իրականացնելու, անհայտ է, քանի որ շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանն իսկապես «կորել է», ոչ մի կերպ նրան գտնել չի հաջողվում: Թե այսօր ինչ կանեն ՔՊ-ականները, այս պահին դեռեւս անորոշ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. ի՞նչ են փնտրում Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի  խցում: Իսկ ի՞նչ է հայտնաբերվել. «Ժողովուրդ» օրաթերթին  հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս: Իսկ թե ինչ է եղել նրա հեռախոսի մեջ, կներկայացնենք առաջիկայում։ Մեր ստացած այս տեղեկությունները փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված կալանավորված անձի խցում խուզարկություն կատարելուն կամ դրա արդյունքներին, տեղեկացնում ենք, որ, ըստ ՀՀ ԱՆ համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի, տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի համարում հանրայնացնել»։ Այսպիսով, խուզարկության փաստը պատոնապես հաստատվեց: Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:

 




Լրահոս