ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով Տավուշի եւ Լոռու մարզերի առավել տուժած 2268 անձ (Տավուշից՝ 427, եւ Լոռուց՝ 1796)՝ 428 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից օգոստոսի 25-ին ստացել է կանխիկ աջակցություն աղետի հետեւանքները փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «ՀայՓոստի» միջոցով տրամադրվել է 38 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ  փոխանցվել է 86 184 000 ՀՀ դրամ։  

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Տավուշի եւ Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։

Կանխիկ աջակցությունը տրամադրվել է բերքի 75-ից 100 տոկոսը եւ տնային կենդանիներ կորցրած, բնակելի հատվածներն ակնհայտ վնասված տնտեսություններին՝ հետեւյալ չափանիշներին համապատասխան.

l հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ մինչեւ 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող  ընտանիքներին,

l հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ երկու կամ ավելի հաշմանդամություն ունեցող անդամներով ընտանիքներին,

l մինչեւ 18 տարեկան միակողմանի ծնողազուրկ երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին,

l մինչեւ 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ,

l միայն տարեցներից՝ 65 եւ բարձր տարիքի մարդկանցից բաղկացած ընտանիքներին,

l ընտանիքներին, որոնց եկամտի միակ աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետեւյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում եւ այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԵՐԱՍԽՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխ գյուղում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ բանվորների կացարանը: Մենք տեղեկացանք, որ կատարվել է ավելի քան 60 կրակոց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հաստատեց տեղեկությունը՝ շեշտելով, որ կրակոցները ոչ թե գյուղի ուղղությամբ են, այլ հենց կառուցվող գործարանի, ինչի հետեւանքով այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են:

«Այս պահին կոնկրետ կրակոցներ չկան, բայց հենց աշխատանքները վերսկսում են, նորից սկսում են կրակել։ Տուժածներ չկան, բայց այս պահին գործարանի կառուցման աշխատանքները դադարեցված են»,- ասաց Թեւոնյանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԿԱՐՄՐՈՒԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առողջապահության նախարարությունից ներկայացրել են կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Այսպես, ընդհանուր լաբորատոր դեպքերի թիվը 408 է, որից 287-ը երեխաներ են, 121-ը՝ մեծահասակ: 1 քաղաքացի հոսպիտալացված է, 257 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից:

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 28-ին 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ «Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ՆՈՐ ԱՆՏԱՌԱՊՈՒՐԱԿ

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառապուրակ: Այս մասին հայտարարվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:

 

 

 

ՔՊ-Ի ԱԹՈՌԱԿՌԻՎԸ

Երեւանում նախընտրական թոհուբոհ է, իսկ Արցախում մարդիկ են առեւանգվում։ Այն իշխանությունները, որոնք պարտվեցին պատերազմում, այժմ չեն տիրապետում Հայաստանում տիրող իրավիճակին. ՔՊ-ականները ժառգոնով քարոզարշավ են անում։

Արցախի Հակարիի կամուրջում տեղադրված անցակետում քաղաքացիներ են առեւանգում, ապա մեղադրանքներ առաջադրում, ինչպես Վիգեն Խարատրյանի դեպքում։ Այն պահին, երբ ՔՊ-ականնեը փողոցներում քարոզարշավ են անում, նույն անցակետում ձերբակալվում եւ առեւանգվում է 21-ամյա մի երիտասարդ։

Այսինքն՝ իշխանություններն այլեւս պատասխանատվություն չեն կրում ՀՀ եւ Արցախի քաղաքացիների համար եւ չեն երաշխավորում նրանց անվտանգությունը։ Ստացվում է՝ Ադրբեջանը կարող է յուրաքանչյուրիս նկատմամբ հետախուզում հայտարարարել, ապա որեւէ ուղեւորության ժամանակ պարզապես առեւանգել, իսկ այդ ընթացքում ՔՊ-ական իշխանությունը շարունակում է աթոռակռիվը։

 

 

 

ԿՀԱՆՁՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «ՀայաՔվեն» կենտրոնական ընտրական հանձնաժողով կհանձնի հավաքված ստորագրությունները։

«Միացե՛ք մեզ, միասին հանձնենք մեր համատեղ որոշման արդյունքները, տեր կանգնենք ստորագրություններին։

Մինչ հանդիպում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ Գ. Քոչար 21ա», – հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:

 

 

 

ՄԱԿՐՈՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովում ասել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եւ հանդես կգա նոր դիվանագիտական նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։

«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ (համաձայնագրերի) ամբողջական կատարումը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում հանդես կգանք նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը (Ադրբեջանի վրա)»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում:

Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում:

 




Լրահոս