ՄԱԴՈՆՆԱՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադոննան ներկայացել է լիբանանահայկական ոսկերչական YEPREM ապրանքանիշի զարդերով։

 

Ապրանքանիշը հիմնադրվել է 1964 թվականին լիբանանահայ ընտանիքի կողմից։ Ընկերության պատմությունը սկսվում է այն ոսկե ապարանջանից, որը Վիրնա Չակարդեմյանի հայրը նվեր է ստացել մորից։ Հիմնադրումից 60 տարի անց համաշխարհային աստղերը պատված են Չակարդեմյանների ընտանիքի ադամանդներով։

Ապրանքանիշը սոցցանցերում կիսվել է Մադոննայի լուսանկարներով, որոնցում երգչուհին կրում է YEPREM զարդեր։ Material Girl թրեքի կատարողն ակտիվորեն նկարներ է հրապարակել իր 65-ամյակի արարողությունից, որոնցում նա կրում է ադամանդներով YEPREM մատանիներ։ Այս տեսակի զարդերի մեկնարկային գինը 2200 դոլար է, իսկ ամենաթանկարժեքը կարժենա 45 հազար դոլար։ Պատվերները պատրաստվում են ձեռքով եւ կարող են մի փոքր տարբերվել միմյանցից: Դրա պատճառը քարերի բնական մոդիֆիկացիան է։

Նախկինում Մադոննան փորձել է նաեւ YEPREM զարդեր 2022 թվականի իր ծննդյան խնջույքին։ Նա նաեւ եղել է V Magazine-ի շապիկին՝ կրելով ապրանքանիշի մատանիները։ Իսկ 2015 թվականին Cosmopolitan-ի նկարահանումների համար երգչուհին կեցվածք է ընդունել բրենդի ամենաճանաչված մոդելներից մեկով՝ The Claw-ով։

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել համանուն ապրանքանիշի հիմնադիր Եփրեմ Չակարդեմյանը։ Նա այցելել է Chronograph բուտիկ, որտեղ վաճառվում են բարձրակարգ ժամացույցներ եւ զարդեր, այդ թվում՝ հայ-լիբանանյան YEPREM ապրանքանիշի։

Հավելենք, որ Մադոննան ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր եւ երգահան է, որը ծնվել է Հուրոն լճի ափին գտնվող Բեյ Սիթի փոքր քաղաքում: Նրա հայրը՝ Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժեներ-դիզայներ Քրայսլեր եւ General Dynamics ընկերություններում։ Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում։

Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963 թ.)։ Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա։ Մադոննան համոզեց հորը, որպեսզի հաճախի բալետի դասընթացների։ Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի եւ West Middle դպրոցներ։ Դպրոցն ավարտելուն պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, որտեղ էլ ստանում է պարային կրթություն։ Հետագայում, սակայն, Մադոննան իրեն նվիրում է երաժշտությանը:

 

 

 

 

ARARAT-Ը՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Միջազգային հայտնի Just Drinks Excellence Awards ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով:

Այսպես, ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» եւ «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։

«ARARAT-ը իր համահոտային շարքով հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ, սպառման նոր եղանակներ եւ նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։

Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչեւ համտեսողներ, Just Drinks Excellence Awards մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։

Հիշեցնենք, որ ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին եւ ներառում է հետեւյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry եւ բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։

ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետների եւ ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետեւողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն եւ ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան եւ արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները։

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է «ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻՆ»

Պաշտոնապես «Barbie»-ն դարձել է Warner Bros.-ի պատմության ընթացքում ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։ Այն գերազանցել է «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները. մաս 2» ֆիլմի ռեկորդը, որը պահպանվում էր 12 տարի: Այժմ Գրետա Գերվիգի ժապավենը տոմսարկղերում պաշտոնապես ունի ավելի քան 1,342 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է MovieWeb-ը։

Մարգո Ռոբբիի մասնակցությամբ հիթն արդեն բավականին ռեկորդներ է գերազանցել իր ճանապարհին եւ դեռ ցուցադրվում է կինոթատրոններում՝ թվային հարթակներում սեպտեմբերի 5-ին թողարկվելով:

Այսպիսով, եզրակացությունը նույնն է՝ մի՛ թերագնահատեք կարծրատիպային շիկահերների ուժը։

 

 

 

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 4 րոպե:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։

Վերջին՝ 12-րդ տուրում հայ շախմատիստները 3:5-2:5 հաշվով հաղթել են Հնդկաստանը ներկայացնող Six-pack թիմին ու վաստակել 17 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը եւ Ալբերտո Աթոյանը:

14-ամյա Ալբերտո Աթոյանը 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր եւ լավագույն արդյունքը գրանցել առաջնության 286 մասնակիցների մեջ: Աթոյանը նաեւ 170 կետով բարելավել իր վարկանիշն արագ շախմատում:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է WR Chess թիմը, որը հավաքել է 22 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Freedom (20 միավոր) ու Team MGD1 (17 միավոր) թիմերը։ Kompetenzakademie Allstars թիմը, որի կազմում խաղում էր Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, 13 միավորով գրավել է 11-րդ տեղը։ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:5-2:5 հաշվով հաղթել էր Kompetenzakademie Allstars-ին։

 

 

 

ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ՀՖՖ կայքում հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Հայաստանի Մ-21 հավաքականը կսկսի նախապատրաստությունը սեպտեմբերի 4-ին: ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին 2 հանդիպումը կանցկացնի Հայաստանում: Սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կհյուրընկալի Ալբանիայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի Մ-21 ընտրանիներին:

 




Լրահոս