Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են երկու արարքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հստակացրեց, որ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։

«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- ներկայացրեց փաստաբանը։

Գալեյանի պաշտպանը հարց բարձրացրեց, թե Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։




Լրահոս