ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների եւ Մոսկովյան փողոցի միջեւ ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին օրենքի խախտմամբ օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը:

 

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի եւ «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է Պուրակում գտնվող տարածքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Պուրակը (4668 քմ) 25 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է «Ֆոտոմաստեր» ընկերությանը:

2014 թվականի հուլիսի 8-ին ընկերության բաժնեմասերի նկատմամբ գրանցվել է Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների սեփականության իրավունքը: Նույն թվականի օգոստոսի 4-ին ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն՝ պուրակում սրճարանների տաղավարների ստորգետնյա շինության կառուցման աշխատանքների կատարման համար:

Երեւանի քաղաքապետի՝ 2017 թվականի մարտի 25-ի որոշմամբ` 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է: Նույն օրը, առանց մրցույթի, ընկերության հետ կնքվել է վերոնշյալ հողամասի վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչեւ 2026 թվականի փետրվարի 12-ը:

2017 թվականի ապրիլի 12-ին Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի 29/4 հասցեում գտնվող 3923,54 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (հողամասի սահմանները վերաճշտվել են Երեւանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ) գրանցվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերության վարձակալության իրավունքն, ու նույն օրը վերոնշյալ հողամասում գտնվող ընդհանուր 1737,06 քմ մակերեսով ստորգետնյա շինությունների նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը: Մինչդեռ, Երեւանի քաղաքապետի՝ 2017 թվականի փետրվարի 16-ի 415-Ա որոշման համաձայն՝ Մոսկովյան 29/4 հասցեում գտվող, 3923,54 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ):

Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձինք վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով, առանց մրցույթի հանձնել են «Ֆոտոմաստեր» ընկերությանը՝ վարձակալության պայմանագիրը լուծելուց հետո ստորգետնյա շինությունները համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու փոխարեն՝ «Ֆոտոմաստեր» ընկերության համար ստեղծել են արտոնյալ պայմաններ եւ օրենսդրության կոպիտ խախտումներով ստորգետնյա շինությունների նկատմամբ գրանցել են ընկերության սեփականության իրավունքը՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 24-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի օգոստոսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Դատախազությունն առաջիկայում հայց կներկայացնի դատարան՝ Երեւանի քաղաքապետի որոշումները վիճարկելու եւ այդ հիմքով կատարված գործընթացներն անվավեր ճանաչելու պահանջով:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԵՂԾ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ եւ այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն «COVID-19» համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով նույն բուժկենտրոնի բուժքույր Հ.Ղ.-ի հետ միասին վարել են պատվաստումների գրանցման սեւագիր մատյան, որից տվյալների արտագրումը Ն.Ս.-ն հանձնարարել է պատվաստման գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող այլ բուժաշխատողի: Գիտակցելով, որ սեւագիր մատյանից այդ տվյալները նույնությամբ արտագրվելու են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Բժշկական կենտրոնի պատվաստումների գրանցամատյանում՝ Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ եւ շահադիտական դրդումով, այն է՝ յուրաքանչյուր պատվաստման համար լրավճար ստանալու ակնկալիքով, ՀՀ 3 քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու եւ երկրորդ դեղաչափով պատվաստված չլինելու պայմաններում ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել այդ մասին: Այնուհետեւ, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով, այն հանձնել է նույն բժշկական կենտրոնի համապատասխան բաժին, որտեղ, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա, կազմվել եւ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, եւ դրանք մուտքագրվել են էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այսպիսով, Ն. Ս.-ն միջնորդավորված կերպով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ն.Ս.-ին  /2 դրվագ/ եւ Հ.Ղ.-ին /3 դրվագ/ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում հսկող դատախազի որոշմամբ Հ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել։

Բանն այն է, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես նշանառու, 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է։

Սակայն դրանից հետո պարտավոր լինելով զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով ծանուցագրում նշված օրը ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանում՝ նախ՝ հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, ապա՝ չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ այդկերպ խուսափելով զորահավաքային զորակոչից։

 

 

 

ԶԵՆՔԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ

Oգոստոսի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։

Shamshayn.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։

Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ.-ին եւ 29-ամյա Հայկ Ս.-ին. վերջիններս եղել են Հայկ Ս.-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն տեղում պարզվել է, որ, զենքի առուվաճառքի հետ կապված, զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ եւ անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ.-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարեւանությամբ գտնվող աղբամանի մեջ։

Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս.-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ եւ 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ.-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Սուրեն Մ.-ն եւ Հայկ Ս.-ն Ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են քննչական բաժին։

 

 




Լրահոս