Հայաստանում քաղաքականությունը, մշակույթը, արվեստը ծառայում են բիզնեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պաշտպանում ենք մշակույթը Մշակույթի նախարարությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը` անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարանի շինարարությանը, և ավելացրեց, որ Մշակույթի նախարարության գործառույթը մշակույթի պահպանումն է: Սակայն, ըստ հրապարակախոսի, Հայաստանում քաղաքականությունը, մշակույթը, արվեստը ծառայում են բիզնեսին:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ Եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ երևույթներ նույնպես կան, մասնավորապես, Հին Պրահայում սրճարաններ կան, սակայն Գառնու հեթանոսական տաճարի դեպքում այդ տարածքը դեռևս հնէաբանների կողմից ուսումնասիրված չէ: Ըստ նրա՝ ժողովուրդը վախենում է Օպերայի սցենարի կրկնությունից:

«Վերջին տարիներին մենք քանդելով ենք զբաղված, պետությունը քանդելով չի լինում, պետք է սարքել և ոչ թե քանդել»,- նշեց քանդակագործը:

Վերջինիս տարօրինակ թվաց Գառնու գյուղապետի բողոքը սրճարանի շինարարության հետ կապված` հայտարարելով, որ եթե իրականում գյուղապետը պայքարում է այդ երևույթի դեմ ու ձգտում է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը պահպանել, ապա ինչո՞ւ է Գառնու ձորը դարձրել աղբանոց, կամ ինչո՞ւ է անտեր թողել Գառնու ամբողջ շրջակայքը` նշելով, որ այդ պատմամշակութային տարածքում կան բազմաթիվ անասնատներ: Դա, իհարկե, անթույլատրելի է:

Բանախոսները կոչ էին անում, որ Մշակույթի նախարարությունը գիտակցի, թե ինչի համար է ստեղծված, և պահպանի այն ամբողջ մշակույթը, որով Հայաստանն այսօր ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին:




Լրահոս