Սեպտեմբերի 9-ի գիշերը Երևանի կենտրոնում պայթած գերթանկարժեք հրավառությունը, որ ահաբեկել էր Երևանի բնակիչներին, անհետևանք չի մնացել: Իսկ ո՞վ էր դրա կազմակերպիչն ու պատասխանատուն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հրավառությունն իրականացրել է «Գոլդ ֆայեր» ՍՊԸ-ն, որի կազմակերպիչներին հենց այդ երեկոյան հրավիրել են ոստիկանություն եւ ենթարկել վարչական պատասխանատվության: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությանը տուգանել են ընդամենը 100 հազար ՀՀ դրամով: Իսկ ինչու է միայն տուգանվել հրավառություն իրականացրած ընկերությունը, ինչու իրավապահները սահմնաափակվեցին միայն հրավառություն իրականացրած ընկերությանը 100.000 դրամ տուգանելով:
«Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որի սեփական տարածքում հնչեցին «պայթյուները», պատասխանատվության չենթարկվեց՝ բնակիչներին ահաբեկելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում Երան քաղաքում ապրող բնակիչները սարսափի մեջ էին: Բան այն է, որ սահմանային իրավիճակով լարված Երևանի կենտրոնում մի կողմից Coca Cola Fest-ն էր, մյուս կողմից Dvin Music Hall-ի երկնքում պայթեց ամենաճոխ և թանկարժեք հրավառությունը։
Հիշեցնենք, որ դեռ հունիս ամսին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկել էր կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։ Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետք է լինի պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների ժամանակ:
Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր. «Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու, մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։
Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի առաջարկն ու հայտարարությունը ոչինչ է․ հրավառությունները կային և կան նաև այսօր: ՔՊ-ն անկարող է իշխանավարել:
Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ «Դվինում» հարսանեկան արարողություն իրականացրել են ռուսաստանաբնակ հայեր, ծնունդով՝ Ախալքալաքից և Մարտունուց։ Ամուսնացել է ախալքալաքցի Էդգար Վահրադյանը։ Երգել են «Հայաթ Փրոջեքդն», Արկադի Դումիկյանը, Անաստասիա Բրուխտին։ Հյուրերի շարքում եղել է նաև երգիչ Ռազմիկ Ամյանը։
Քնար Մանուկյան