Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն աճուրդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները, իսկ Ներքին գործերի նախարարն իր հերթին կսահմանի այս աճուրդային մեկնարկային գներն ըստ չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը», – ասաց Արփինե Սարգսյանը:

Հրապարակային ծանուցումների համար կօգտագործվի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայք-էջը: Աճուրդին մասնակցել ցանկացող անձը կայքում ստեղծված համակարգում պետք է ունենա մասնակցի անձնական էջ, աճուրդին մասնակցության նախավճար պետք է փոխանցի՝ երաշխավորելու իր մասնակցությունն աճուրդին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հարցի քննարկման շրջանակում նշեց՝ սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց մեքենաների լավ համարների համար՝ հասարակության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Նա խնդրեց, կոչ արեց ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնել, որ նոր տեսակի համարանիշեր ձեռք բերելը անհավասարության միջոց չդառնա:

Փոխնախարար Սարգսյանը վստահեցրեց՝ անկախ նրանից՝ համարանիշը կունենա զրոներ կամ կրկնվող թվեր, վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:




Լրահոս