ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով: Մեկ կտրոնի դիմաց յուրաքանչյուր քաղաքացի կստանա ընդամենը կես կտոր հաց:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը պատմեց, որ դպրոցներ են փակվել, որպեսզի այնտեղ կտրոններ բաժանեն մարդկանց:

-Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Աղ չկա, ալյուր չկա, հաց չկա… Մի քանի դպրոց փակվել են, որպեսզի հացի կտրոններ բաժանվեն:

Այժմ կտրոնային համակարգ է ներդրվում եգիպտացորենի ալյուրի համար, հիմնականում Ստեփանակերտում փակվել են մի քանի դպրոցներ, որպեսզի մարդիկ գան, դպրոցներից կտրոններ ստանան:

-Իսկ նախագահի հրաժարականից հետո այդտեղ ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Հիմա կարող եմ մի բառով ասել՝ լռություն է:

-Ո՞վ է այս պահին Արայիկ Հարությունյանի պարտականությունները կատարում:

-Ինքը դեռեւս շենքում է, դեռ նստած է:

-Ազգային Ժողովն արդեն ընդունել է իր հրաժարականը. Դուք տեղեկություններ ունե՞ք, թե ով կարող է լինել հաջորդ նախագահը եւ երբ:

-Ճիշտն ասած՝ ոչ, տեղյակ չեմ:

-Մարդկանց տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

-Մարդիկ ընկճախտի մեջ են, շատ ծանր վիճակ  է, տառապալից ապրումների մեջ է Արցախի ժողովուրդը: Սա առավել վատ ձեւով արտահայտվում է հատկապես երեխաների մոտ, որովհետեւ քաղցրավենիքը, շաքարավազը լրիվ վերջացել է, եւ բառի ուղիղ իմաստով չկա ուտելիք, որ ուտեն, գնան դպրոց: Ճաշ կա, նախաճաշ՝ ոչ:

-Կտրոնների տրամադրման գործընթացն արդեն սկսվա՞ծ է:

-Այո, բայց դրանք ցամաք հացերի կտրոններ են, այսինքն՝ շաքարավազ, ձեթ չունենք, չունենք հիգիենայի պարագաներ եւ այլն: Այն էլ խոսքը կես հացի մասին է, նույնիսկ մեկ ամբողջական հաց մենք չենք կարող մեզ թույլ տալ:

-Իսկ այն երիտասարդներից, որոնք Հակարիի կամրջի մոտից առեւանգվել են, որեւէ նորություն կա՞, ինչ-որ փոփոխություն կա՞ այդ մասով:

-Դեռեւս ոչ, սակայն մինչ այժմ եղած՝ իմ իմացած տեղեկությունների վրա հիմնվելով՝ որեւէ փոփոխություն չկա: Նույն պատկերն է, ինչը որ կար:

-Բայց, ամեն դեպքում, նրանց վերադարձնելու գործով բանակցություններ ընթանո՞ւմ են:

-Ամեն դեպքում, այն, ինչ կար,  դեռեւս ուժի մեջ է: Խոսքը նրանց Հայաստան արտաքսելու մասին լուրերին է վերաբերում: Նոր տեղեկությունների դեռեւս չեմ տիրապետում:

-Այլ կապի միջոցով նրանց հետ խոսել չի՞ հաջողվել:

-Ցավոք, ոչ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԵՐԹԻ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի եւ քարոզչական թռուցիկների տարածման գործում։

 

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է «Ականատես» դիտորդական առաքելության տարածած հայտարարությունից։ Դիտորդական առաքելությունը ներկայացրել է նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։

Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։ Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։

Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ եւ ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաեւ նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը։

Նշենք, որ մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։

Ֆեյսբուքյան խումբը, որն ունի շուրջ 3000 մասնակից, եւս կիրառվում է որպես նմանատիպ հայտարարությունների հարթակ։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։ Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում պարզ դարձավ, որ նմանատիպ ծառայություն մատուցում են մի քանի կուսակցությունների համար (կազմակերպությունը խուսափեց անուններ նշելուց)։ Այս դեպքում եւս մասնակիցներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 -2000 դրամ։

Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար՝ արդյոք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։

«Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ եւ այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ «Ականատես»-ի հայտարարությունն անվանելով զրպարտություն:

Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել եւ շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երեւույթը։

«Երեկ առավոտյան՝ հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո, կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որեւէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ օգտվելով միայն վճարովի գովազդային եւ այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով եւ չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու եւ նման այլ հարցերով։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը եւ դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։

Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը»։

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ՝ ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաեւ առերեսման  է հրավիրել  «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին:

Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել   Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, եւ փողոցում քայլողները իշխանության չգան:

Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով։ Նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել   Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով:

 

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Ժողովուրդ» օրաթերթի այն արձանագրումներից հետո, որ Երեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական ծրագիր անգամ չի ներկայացրել, նա վերջապես արթնացել ու ծրագիր է ներկայացրել: Օրեր առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններն արդեն քանի օր է՝ մեկնարկել են, բայց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը, նախընտրական ծրագիր չի ներկայացրել. նախկին քաղաքապետը միայն 2018թ.-ի նախընտրական քարոզարշավի հոլովակներով է կիսվում իր սոցիալական էջերում, բայց նոր ոչինչ չունի առաջարկելու երեւանցիներին, դրա համար էլ նախընտրական ծրագիր չունի: Բազմաթիվ քննադատություններից հետո դերասան նախկին քաղաքապետը քնից արթնացել է ու որոշել է վերջապես նախընտրական ծրագիր ներկայացնել: Հայկ Մարությանի նախընտրական ծրագիրը բաղկացած է 12 մասից. ծրագրում ներկայացվել են աղբահանության, կանաչապատման, բազմաբնակելի շենքերի կառավարման, տրանսպորտի, քաղաքային պլանավորման, սոցիալական պաշտպանության եւ այլ խնդիրներ:

 




Լրահոս