ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ, ՀԱՐՎԱԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Է. Ղազարյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Առինջ գյուղի 31-ամյա բնակիչը, 37 եւ 48-ամյա համագյուղացիների հետ համաձայնության գալով Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքի շուրջ, խմբի կազմում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 48-ամյա համագյուղացու կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են տուժողի` Երեւան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով նրան: Ժամը 11:24-ի սահմաններում, երբ Է.Ղազարյանը վերադարձել է տուն, 31 եւ 37-ամյա տղամարդիկ շենքի բակում հետեւից մոտեցել եւ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխի, դեմքի շրջաններին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով վնաս, եւ դիմել փախուստի:

Նշենք, որ քննությամբ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը ոչ միայն օժանդակել է համագյուղացիներին՝ հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով միջոց տրամադրելով վերջիններիս, այլեւ Է. Ղազարյանի նկատմամբ գործադրված բռնության ողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով, որից հետո նույնպես դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդուն՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հավելենք, որ վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով:

37-ամյա տղամարդու մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, եւ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 1-ին էր գրել, որ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Հավելենք, որ Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ այս գործում մաս կա անջատված Քննչական կոմիտեում, ըստ որի՝ նախաքննական մարմինը փնտրում է պատվիրատուին: Վերջինիս խոսքով՝ ինքը մշտապես հայտնել է՝ իր նկատմամբ բռնություն կիրառելու պատվիրատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

 

 

 

 

ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորի դպրոցներից մեկի փոխտնօրենի մոտ թմրանյութ  հայտնաբերելու դեպքից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի փոխտնօրենը այս պահին ձերբակալված է։ Իսկ ի՞նչ է նա բացատրել իրավապահներին, ինչո՞ւ է իր մոտ թմրանյութ պահել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա բացատրել է, թե, իբր, կաթուցիչն ու թմրանյութը գտել է։ Իսկ գտել է, թե անձամբ է օգտագործում, կպարզեն իրավապահները։

Հիշեցնենք, որ Տարոնի քրեական հետախույզները տեղեկություններ էին իրացրել սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել եւ ոստիկանության Տարոնի բաժին էր բերվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:

Դպրոցի փոխտնօրեն տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ

Երեկ ԱԱԾ մեկուսարանից ՀՀ վերաքննիչ դատարան տեղափոխեցին ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրացաղի Լյովիկին:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:

Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաեւ այլ հանցագործությունների կատարման համար Ալրաղացի Լյովիկը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանը՝ 8 տարվա ազատազրկման: Լեւոն Սարգսյանը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննությունը դեռեւս շարունակվում է:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Դանակահարություն է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերը՝ ժամը 2:00-ի սահմաններում, թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցի 3 հասցեի մոտ։ Ժամը 2:00-ի սահմաններում Ա. Մանուկյանը իրավապահներին է զանգահարել ու հայտնել, որ 4 տղա այս պահին դանակով հարվածել են իրեն եւ երեխաներից մեկին, իսկ մյուսին էլ այս պահին ծեծի են ենթարկում։

Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ ականատես են եղել  ծեծկռտուքի, դանակահարության։ Պարզվել է, որ Արտակ Պետրոսյանն անցանկալի արտահայտություն է արել Անկա Մանուկյանի հասցեին, ինչի արդյունքում վեճ, վիճաբանություն է սկսվել, ու դանակահարել են Արտակ Պետրոսյանին։

Տեղեկացանք՝ դեպքով զբաղվում են իրավապահները։

 

 

 

 

ԿԱՇԱՌՔ՝ 17 ԱՆՁԻՑ

2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական եւ գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու եւ վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով քաղաքացի Գ.Գ.-ին տվել են 70 հազարից մինչեւ 300 հազար ՀՀ դրամ: Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որեւէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ: Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին եւ 16-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):

Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին՝ Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք՝ ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն ստանալը) (25 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) (24 դրվագ) եւ 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ) (1 դրվագ): Դատախազը 2023 թվականի հուլիսի 4-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:




Լրահոս